Արարատ քաղաքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության հիմնական մասնակիցները ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն են: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Երկուսի համար էլ Արարատում կայանալիք ընտրությունը կարեւոր նշանակություն ունի: Եթե ՀՀԿ-ը հաղթելու խնդիր ունի, որ ապացուցի, որ Արարատի մարզում եւ կոնկրետ մարզկենտրոնում ավանդաբար ազդեցություն է ունեցել, մարզը ՀՀԿ պատմության կարեւորագույն դեմքերի բնակավայրն է, ապա ԲՀԿ ղեկավարությունը խնդիր ունի շարքերին ցույց տալու, որ շարունակում է հանուն իշխանության պայքարը եւ կարող է ՀՀԿ-ին հաղթել Վազգեն Սարգսյանի տան մոտակայքում: Ինչեւէ, ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտի ամենամեծ խաղացողներն են, եւ նրանց գործելաոճը հասկանալի է` տեղավորվելով քաղաքական պայքարի տրամաբանության առանցքում:
Միեւնույն ժամանակ, անհասկանալի է ՀԱԿ-ի պահվածքը, երբ հայտարարվում է, թե Արարատում կայանալիք ընտրությանը Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած կուսակցությունն աջակցելու է ԲՀԿ թեկնածուին: Հիշենք, որ ՀԱԿ-ից սկսվեց սկզբունքային գործիչների հսկայածավալ արտահոսք այն պահից սկսած, երբ Տեր-Պետրոսյանն ու նրա անմիջական շրջապատը որոշեցին հանդես գալ որպես ԲՀԿ կցորդ: Այս հանգամանքը ոչ միայն ֆիզիկական իմաստով վնասեց ՀԱԿ-ին, այլեւ բարոյական ու քաղաքական: Ստացվեց, որ «ավազակապետության» դեմ պայքարող ՀԱԿ-ը շեղվել է իր գծից եւ պատրաստ է համագործակցելու «ավազակապետության» հենասյուներից մեկի հետ: Ճիշտ է, ցայսօր էլ որեւէ վերլուծաբան չի մեկնաբանել Տեր-Պետրոսյանի որոշման իմաստն ու ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում ձեռք բերված հաջողությունները կամ անհաջողությունները, սակայն փաստ է, որ այս համագործակցությունն ունի շարունակական բնույթ»,- գրում է «Իրատես de facto»-ն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: