ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի խոսքերով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՕԵԿ նախագահ, ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանի միջև տեղի ունեցած միջադեպը մամուլում ստահոդ ձևով է արտահայտվում:

«Իրականում բանավեճ են ունեցել առանձնակի հարցերի շուրջ, ինչը միշտ էլ կարող է տեղի ունենալ»,- մեր լրագրողի հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի կիրակի օրը Գագիկ Ծառուկյանը և Արթուր Բաղդասարյանը Օդանավակայանում ՀՀ նախագահ Սերժ սարգսյանին դիմավորելիս վիճաբանել են: Վեճը կապված է եղել վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի նշանակման հետ:

Բանն այն է, որ Գագիկ Ծառուկյանին դուր չի եկել այն փաստը, որ Արթուր Բաղդասարյանն այդ պաշտոնում առանց իր իմացության է նշանակվել:

Անդրադառնալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից Ռուբեն Հակոբյանի անակնկալ հրաժարականի փաստին Գալուստ Սահակյանն ասաց. «Դա իմ դաշտը չէ, որ ես այլ ֆրակցիաների գործունեությունը գնահատեմ»: