Թատերագետ Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քիչ առաջ ինձ զանգահարեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, իրապես ապրող լեգենդ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ...

Մեր զրույցը կառավարության անդամի ու շարքային քաղաքացու զրույց չէր, այլ՝ հին ու լավ բարեկամների: Զրույցի թեման իմ կոչն էր նախարար Յուրի Վարդանյանին... Ես մեկ անգամ ևս հպարտացա այն մարդով, ում հաղթանակներով ու կենդանի ներկայությամբ հպարտ եմ եղել, ինձ կրկնակի հայ եմ համարել, ինձ կրկնակի գյումրեցի եմ համարել... Ես նրան հայտնեցի իմ մտահոգությունը՝ արդեն իսկ սկիզբ առնող շահարկումների առթիվ, որոնք էլ ինձ մղել էին քայլի՝ բարեկամիս առաջարկելու հրաժարական տալ... Մեր զրույցի ժամանակ ես ամբողջապես ընկալեցի Յուրի Վարդանյանին, նրա կեցվածքը, նրա՝ որպես հոր, սկզբունքայնությունը: Եվ համոզվեցի, որ լինելով նախարար, ունենալով հսկայական հնարավորություններ ,,օգնելու,, որդուն՝ Յուրի Վարդանյանը համոզված է, որ ճշմարիտ ուղուն երիտասարդը պիտի հասնի չարչարվելու միջոցով...

Առավել հարգեցի իմ լավ բարեկամին, համոզվեցի, որ մեր երիտասարդությունն այսօր ունի իսկական առաջնորդ՝ ի դեմս ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ...»:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան թատերագետ իր ֆեյսբուքյան էջում արել էր հետևյալ գրառումը.

«ԿՈՉ ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
Սիրելի Յուրա, հին ու լավ բարեկամ, այսօր շատ ծանր օր է ինձ համար, գիտակցությունս երբեմն մթագնում է, ցավը սեղմում է կոկորդս, որովհետև շատ թանկ ու սիրելի անձնավորություն է հրաժեշտ տվել կյանքին, մի անչափ տաղանդավոր երիտասարդ, որն ընկերոջս որդին է, իմ կրտսեր բարեկամը...
Բայց Երվանդի կորուստը ոչ թե մոռանալով, այլ իմ սրտում պահելով, այնուհանդերձ ուզում եմ դիմել քեզ մի հարցով, որը կարևոր է ինչպես քո հեղինակության, այնպես էլ մեր երկրի ու պետականության համար...
Գիտեմ, որ որպես ծնող, շատ ճնշված ես քո որդու հետ կատարվածի առթիվ, որ դա ծնողի համար մեծագույն ողբերգություն է, որ ոչ մի ծնող չի կամենա իր որդուն տեսնել ազատությունից զրկված, նման մեղադրանք շալակած... Բայց կատարվածը հարված է հասցնում նաև քո հեղինակությանը, մեր պետականությանը, սպորտի և երիտասարդության նախարարությանը...
Հետևաբար, բարեկամաբար, որպես նախկին համաքաղաքացի ու ծնող, պիտի խնդրեմ քեզ՝ հրաժարականի դիմում ներկայացնել: Դա կօգնի քեզ ազատվել բազմաթիվ շահարկումներից և զբաղվել սեփական որդու ճակատագրով...
Ուղղակի խնդրում եմ...
Բարեկամդ ու քեզանով միշտ հպարտացող՝ ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ»: