Երկուշաբթի օրը Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը ելույթ է ունեցել Լոս Անջելեսի միջազգային հարաբերությունների խորհուրդում, որտեղ իր ամբողջ ելույթի ժամանակ ստել է Թուրքիայի տնտեսական զարգացման, տարածաշրջանում որպես գերտերություն իր դերի մասին, ինչպես նաև արել է նախկինում երբևիցե չհնչած հայտարարություն հայ-թուրքական արձանագրությունների մասին` ցանկանալով իր երկրի համար ստեղծել դրական պատկեր բազմաթիվ հանդիսատեսների առաջ: Այս մասին երեկ հայտնել է Asbarez գործակալությունը:
Պատասխանելով հարցերի Բաբաջանը նշել է, որ սկզբում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կրել էր եռակողմ մոտեցման բնույթ, որը ընդգրկում էր նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը: Իրականում արձանագրությունները և բանակցությունների ընթացքում կատարված հայտարարությունները ցույց են տվել, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորումը պետք է լիներ առանց նախապայմանների:
Բաբաջանը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գաղտնի բանակցությունները սկսվել են 2007 թվականին Շվեցարիայի միջնորդությամբ` ավելացնելով, որ երկու կողմն էլ համաձայնվել էին ստեղծել հանձնաժողով «1915 թվականի դեպքերը վերանայելու նպատակով»: Նա նաև նշել է, որ գործընթացը փակուղի է մտել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության բացակայության պատճառով,որը կարող էր բերել կարգավորման տարածաշրջանային համաձայնագրի:
Asbarez կապ է հաստատել Հայաստանի ԱԳ նախարարության հետ Բաբաջանի հայտարարության հետ կապված: ԱԳՆ հղում է կատարել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածին հրապարակված «Wall Street Journal» 2010 թվականի հոկտեմբերին, որտեղ նա գրում է.« Թուրքիան հրաժարվել է համաձայնություններից: Անկարան ոչ միայն չի վավերացրել արձանագրությունները, այլ նաև վերադարձել է նախապայմանների լեզվին, որը օգտագործում էր մինչ գործընթացի սկիզբը»: Հոդվածում Նալբանդյանը նաև նշում է, որ այն ժամանակ, երբ Թուրքիան հաստատում է, որ «նրանք չունեն ոչ մի նախապայման, նրանք ուղղակի պահանջում են, որ մենք անենք այս կամ այն բանը մինչ նրանք կսկեն վավերացման գործընթացը: Արդյոք դա նշանակում է, որ նրանք հանդես չեն գալիս նախապայմաններով»:
Բաբաջանը նաև նշել է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 1915 թվականին տեղի են ունեցել ողբերգություններ, սակայն Թուրքիայի կառավարությունը չունի ոչ մի ապացույց,որպեսզի այդ դեպքերը որակի որպես ցեղասպանություն: Ամերիկայի հայ ազգային կոմիտեի արևմտյան մասնաճյուղը դիմել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանը Բաբաջանի հետ հանդիպում կազմակերպելու համար մինչ վերջինս գտնվում է Լոս Անջելեսում, սակայն պատասխան չի ստացել:
Ամերիկայի հայ ազգային կոմիտեն դիմել է նաև Լոս Անջելեսի միջազգային հարաբերությունների խորհուրդին կոչ անելով չեղյալ հայտարարել միջոցառումները, քանի որ նախկինում խորհուրդը միջոցառումներին մասնակցելու համար երբեք չի հրավիրել ցեղասպանություն գործած ռեժիմի ներկայացուցիչներին, ինչպիսին է Բաբաջանը: Ի պատասխան Լոս Անջելեսի միջազգային հարաբերությունների խորհուրդի նախագահ Թերի Մաքքարթնին նշել է, որ նրանք միջացառմանը մասնակցելու համար նրանք հրավիրում են «վիճելի հարցերի ամբողջ սպեկտորից և որպես անկողմնակալ կազմակերպություն, մենք չենք կիսում մեր կողմից հրավիրված բոլոր հյուրերի տեսակետները»: