ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, պատգամավորական աշխատավարձի բարձրացման կարիք չունի:
« Աշխատավարձն ընդհանրապես մարդու աշխատանքի դիմաց է տրվում: Բնականաբար ես աշխատավարձի բարձրացման կարիք չունեմ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց Աշոտ Աղաբաբյանը:
Մեր հարցին, թե արդյո՞ք եթե իրեն առաջարկեն հրաժարվել աշխատավարձի բարձրացումից, կհամաձայնվի, նա պատասխանեց.
«Բայց խի չէ որ, թող բյուջեն ավելի շատ լինի, ժողովրդի սոցիալական հարցերով զբաղվի»:
Պատգամավորից հետաքրքրվեցինք նաև այս օրերին շատ քննարկվող ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի հրաժարականի պահանջի մասին.
«Յուրաքանչյուր դեմոկրատ երկրում պահանջներ չկան, կա կանոնակարգ, որ պաշտոնյայի որդու նման արարք անելուց հետո պաշտոնյան ինքը պետք է հրաժարվի, իսկ եթե չի հրաժարվել, այնտեղ իրավական որոշակի վիճաբանություններ կան՝ հաստատելու կամ չհաստատելու: Կապրենք՝ կտեսնենք, դա ժամանակ է պահանջում»,- ասաց Աշոտ Աղաբաբյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և «թմրամիջոցների մաքսանենգությունը»: