Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության վերսկսված դատավարության շրջանակում կայացված ձերբակալության որոշման արդյունքում ձերբակալվել է «Մեծ եղբայր» մականունով Էրհան Թունջելը:

Թուրքական «Հաբեր թուրք»-ի հաղորդմամբ՝ Էրհան Թունջելը Ստամբուլի անվտանգության ծառայության ջոկատների կողմից հայտնաբերվել և ձերբակալել է Քամբուրգազ թաղամասի տներից մեկում:

Թերթի տեղակացմամբ Թունջելին տեղափոխել են Գայրեթթեփեյի անվտանգության բաժանմունք: Ձեռնաշղթաներով կապված Թունջելը ոստիկանական մեքենայից իջնելիս բացականչել է. «Պետությանը ծառայելու արդյունքը սա է: Ադնան Մենդերեսին մահապատժի ենթարկելու օրը ձերբակալվեցի: Դա մեր համար պատիվ է»:

Վերաքննիչ դատարանի կողմից Դինքի դատավարության վերսկսման որոշումից հետո Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների դատարանը 2013թվականի սեպտեմբեր 23-ին Թունջելի վերաբերյալ ձերբակալման որոշում էր կայացրել, սակայն մինչ օրս նա ազատության մեջ էր գտնվում:


Նշենք, որ այսօր, մինչ Թունջելի ձերբակալության մասին լուրեր կտարածվեին, թուրքական մամուլում հայտնվել էր թերթերից մեկին տված նրա հարցազրույցը, որտեղ վերջինս սպանության մասին հայտարարություններ էր արել: