ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց այսօր 168.am-ի հրապարակած այն տեղեկությունն, ըստ որի, երեկ Հովիկ Աբրահամյանի սենյակում վեճի են բռնվել ինքն ու Ժառանգության խմբակցության նորընտիր ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Հիմարություն եմ որակում դա: Ես երբեք ոչ մի ընդդիմադիր պատգամավորի վատ չեմ վերաբերվում և չեմ քննադատում: Իմ առաքելությունն է քննադատել միայն իշխանություններին», - նշեց նա:

Պատասխանելով YerevanNews.am-ի այն հարցին, որ Զարուհի Փոստանջյանն իրեն մեղադրում է այն բանում, որ նիստի ժամանակ դիտմամբ ուշ է գրանցվել՝ Սերժ Սարգսյանին հարց չտալու համար, ՀԱԿ պատգամավորը պարզաբանեց.
«Ասեմ իրողությունը: Սերժ Սարգսյանի ելույթի համար հերթագրվելու հնարավորությունը բացվել է սեպտեմբերի չորսին: Ես այդ մասին տեղեկացել եմ սեպտեմբերի չորսին, դրանից հետո ես անմիջապես գրանցվել եմ: Այսինքն սեպտեմբերի չորսին՝ ժամը 11-ին կամ 12-ին ես հերթագրվել եմ: Որևէ այլ հանգամանք չկա», - նշեց նա:

Նրա խոսքերով, ինքը հերթագրվել է, սակայն այնտեղ կա հատուկ ընթացակարգ, որով որոշում են, թե ով կարող է առաջինը հարց տալ: Նա նշեց, որ առաջին հնարավորությունը հարց տալու ստացել է Զարուհի Փոստանջյանը, ինչը, նրա խոսքերով, նշանակում է, որ այն, ինչ հնարավոր է եղել, արվել է, սակայն հերթն իրեն չի հասել:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Զարուհի Փոստանջյանին պատվիրակության կազմից հեռացնելու որոշումը խտրականություն չի համարում, նա նշեց.

«Պատվիրակության ձևավորման համար գոյություն ունեն որոշակի կանոններ, օրինակ, որ իշխանությունից պետք է լինեն հինգ հոգի: Կարող է լիներ ամենաարդարացի կարգը, սակայն, միևնույն է, դա էլ արդար չէր լինի: Արդարությունը վաղուց վերացված է նրանով, որ ընտրությունները կեղծված են եղել: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների այն թվերը, որոնք ներկայացված են, չի արտացոլում ընտրությունների ընթացքը», - նշեց նա:

Պատգամավորի խոսքերով, անդամների փոքր թիվ ունենալու պատճառով տուժեց ոչ միայն «Ժառանգությունը», այլև ողջ ընդդիմությունը: Նա նաև նշեց, որ ինքը կողմ է, որ պատվիրակության կազմում ներկայացված լինեն բոլոր խմբակցությունները, սակայն վերջնական որոշումն իրենը չէ:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ փաստորեն Փոստանջյանը իզուր տեղն է բորբոքվել, նա նշեց.
«Ես այնքան մեծամիտ չեմ, որ խորհուրդ տամ, թե իրենք արժի որ բորբոքվեն, թե ոչ: Որպես գործընկեր մի խորհուրդ ունեմ, որ իմ ինքնակոչ խոսնակի դերը չստանձնի և իմ փոխարեն դիրքորոշումներ չհայտնի», - նշեց նա: