Այսօր Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ հոկտեմբերի 22-ին ավտովթարից մահացած 30-ամյա տաղանդավոր դերասան Երվանդ Ենգիբարյանի հոգեհանգիստը: Ինչպես տեղեկացնում է 1in.am-ը, նրան հրաժեշտ էին տալիս հարազատները, գործընկերները, ընկերները, հանդիսատեսը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն արցունքների միջից Երվանդ Ենգիբարյանին բնորոշեց որպես տաղանդավոր դերասանի, ով խաղացել է իր բեմադրած գրեթե բոլոր ներկայացումներում:
«Յուրահատուկ անհատականություն էր, այնքան ազարտ, այնքան էմոցիա կար մեջը: Ոչ այնքան հավասարակշռված, բայց հմայիչ անհատականություն էր և այնքա՜ն միամիտ էր»,- ասաց գեղարվեստական ղեկավարը:
Նա հիշեց, որ վերջին՝ «Բադի որսը» ներկայացման ժամանակ կա մի պահ, որտեղ նա վերջում պետք է ինքնասպան լինի, քանի որ հոգնել է կյանքից: «Եվ մի անգամ փորձերից մեկի ժամանակ ինձ ասում է՝ իսկ եթե հանկարծ ինձ կրակեմ... ասում եմ՝ դե հիմար կլինես»,- հուզված ասաց Ալեքսանդր Գրիգորյանը՝ հիշելով, որ ներկայացումներից մեկի ժամանակ հրացանը վերցրել և օդ է կրակել, պարզվել է այն լիցքավորված էր, իսկ փամփուշտը հնչյունային ռեժիսորից քիչ հեռու է ընկել, և Երվանդը թեև սկզբում վախեցել է, հետո սկսել է ծիծաղել:
Մանրամասներն ու տեսանյութը` սկզբնաղբյուր կայքում: