«ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը «7 օր»–ի հետ զրույցում անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի՝ օրերս հրապարակած լուրին, ըստ որի՝ նախարարությունը մսխում է պետական բյուջեի միջոցները և, օրինակ, 9 ավտոմեքենայի լվացման համար ծախսել է 600 հազար դրամ։ Նախարարն այնքան է տարվել արդարացումներով, որ սկսել է իրարամերժ հայտարարություններ անել. «Եթե թվաբանություն անեք՝ 600 հազարը 9 մեքենայի հաշվարկով գալիս է մեկ մեքենան շաբաթը մեկ անգամ։ Եվ եթե ավելի խորը թվաբանություն անեք, կհամոզվեք, որ գումարն ընդամենը 200 դրամ է կազմում»։ Իսկ հարցից, թե գուցե տեղն ասեք, մենք Էլ 200 դրամով մեքենա լվանալու տեղն իմանանք, նա սկսել է խճճվել ու ինքն իրեն հակասել. «Խնդրում եմ՝ թվաբանություն արեք։ Մեկ մեքենայի վրա ամսական ծախսը կազմում է մոտավորապես 4500-5000 դրամ»։

Բայց միայն մեքենաները լվանալու վրա չէ, որ «Օրինաց» նախարարը հսկայական գումարներ է «դուրս գրում»։ Թադևոսյանը ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին 870 հազար դրամ (մոտ 2 հազար դոլար) է հատկացրել ՀՀ լանդշաֆտի մրցանակի արձանիկ պատրաստելու համար։ Այդ գումարով պետք է պատրաստվի 3 արձանիկ: «Ժողովուրդ»–ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի վկայությամբ՝ թանկարժեք արձանիկերը պատրաստվելու են ոսկեգույն և կաթնագույն բյուրեղապակուց՝ «Օբսիսարտ» ՍՊԸ-ում։ Թե ինչ իմաստ ունի այդ արձանիկի համար այդքան մեծ գումար տրամադրելը, մնում է միայն ենթադրել։ Հիշեցնենք, որ Թադևոսյանը ՀՀ վերահսկիչ պալատի նախկին աշխատակից է և ավելի լավ գիտի բյուջեն մսխելու եղանակները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։