Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմաց արդեն մի քանի օր է, ինչ առավոտյան խմբով բանվորներ են գալիս, որոնց «աշխատանքի» արդյունքում Համալիրի դիմաց արմատախիլ է արվել երկու ծառ, իսկ մյուսի ճյուղերն արդեն հատվել են: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Բնակիչների հավաստմամբ՝ բանվորների խմբի հետ է նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով անձամբ է վերահսկում աշխատանքները: Ծառահատումը եւս արվել է իր հանձնարարությամբ:

«Ժամանակը» երեկ այցելեց համալիրի դիմաց, որտեղ ֆիքսեց, որ բացի այդ երկու ծառերը հատելուց, մյուս ծառերի բները եզերող քարերը վերականգնել են, որի արդյունքում ծառերի հիմքը լցված է բետոնե շաղախով:

Վնասված է նաեւ համալիրի մասին տեղեկացնող ցուցանակը: Ցուցանակից մի քանի մետր այն կողմ «Ծիծեռնակաբերդի զբոսայգի» գրությամբ քարե հուշարձան կար, որը երեկ արդեն հողին էր հավասարեցվել:

Մեր տեղեկություններով՝ հուշաքարը եւ ծառերը խանգարում են նոր կառուցվող ճանապարհն ավարտին հասցնել, ուստի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հարմար է գտել ծառերն արմատախիլ անել, իսկ հուշաքարը հողին հավասարեցնել:

Բացի հաստաբուն ծառերից, տարածքում հատվել են նաեւ այլ երիտասարդ ծառեր: Նշենք, որ այն տարածքները, որտեղ գործունեություն է ծավալվում, մասնավոր սեփականություն են, եւ քաղաքապետարանը որեւէ նախնական համաձայնություն չի ստացել ծառահատման կամ ճանապարհ կառուցելու համար»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):