ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Մհեր Շահգելդյանն ու Հեղինե Բիշարյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադարձան ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի՝ ՕԵԿ առաջնորդի մասին որակմանը, նշելով, որ չեն ցանկանում մեկնաբանել մի մարդու կարծիք, ով առանց իր անցյալին նայելու որակումներ է տալիս:
«Յուրաքանչյուր մարդ որևէ մեկին քննադատելուց առաջ պետք է նայի իր անցյալին», - նշեցին նրանք:
Լրագրողների մեկի այն դիտարկմանը, թե արդյո՞ք ՕԵԿ-ը նայում է իր անցյալին, Բիշարյանն արձագանքեց այսպես. «ՕԵԿ-ը քո տարիքին կուսակցություն է, ունի մեծ կենսագրություն»:
Իսկ անդրադառնալով Գագիկ Ծառուկյան– Արթուր Բաղդասարյան հակամարտությանը, Հ. Բիշարյանը նշեց, որ այս միջադեպի հետ կապված բոլոր հարցերն իրենց պատասխանները ստացել են, հավելելով, որ նրանք համագործակցել, համագործակցում են և շարունակելու են համագործակցել:
Նշենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն անդրադառնալով ՕԵկ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, գրել էր. «Դժվար է Արթուր Բաղդասարյան լինել:Դրա համար պետք է գիրք գրես առաջին նախագահի մասին,պաշտպանես երկրորդին,սեղմես երրորդի մեկնած ձեռքն ու փախցնես Ծառուկյանի գնդակներից մեկը»: