«Այսօր «Կոնգրես» հյուրանոցում, ժամը 12-ին վերջապես կայանալու է ՀՀՇ-ի վերածննդի համագումարը։ Հրավիրված են «Ժառանգությունը», Արամ Սարգսյանի «Հանրապետությունը», Պահպանողական, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունները, ՀՅԴ-ն։ Նախաձեռնող խմբի անդամ, ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանն ասաց, որ հրավիրել են բոլոր ընդդիմադիր կուսակցություններին։ Իսկ ՀԱԿ-ը, որը համարվում է ՀՀՇ-ի իրավահաջորդը, հրավիրյալների թվում չէ։ Թե ինչու՝ թերևս հասկանալի է։ ՀՀՇ-ն «գեղի կլուբ» համարելով՝ Տեր-Պետրոսյանն ամիսներ առաջ փորձեց պատմության գիրկն ուղարկել այն, և վերածնվողների նախաձեռնությունն էլ ըստ էության «վրեժի» զգացումից մղված էր։

Մեր տեղեկություններով, համագումարին չի մասնակցի նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի նախագահը նախկին ՀՀՇ փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է։ Հիշեցնենք, որ ՀՀՇ–ից ժամանակին հեռացածները, այդ թվում՝ Արարատ Զուրաբյանն ու Ալիկ Արզումանյանը, «Ազատ դեմոկրատների» նախաձեռնողներից էին, հետագայում նրանք տարբեր փուլերում տարաձայնություններ ունեցան Քոքոբելյանի հետ և լքեցին նաև ԱԴ-ն։ Այժմ նախկին ընկերների միջև ոչ մի շփում չկա։ Իսկ իշխանական թևից հրավիրյալներ կա՞ն՝ հետաքրքրվեցինք մենք։ «Ոչ, ոչ»,– շտապեց պատասխանել Զուրաբյանը։ Կառավարությունի՞ց էլ չկան, մասնավորապես վարչապետը։ «Նույնիսկ Ձեր տնից չկան»,– նեղացած նետեց Զուրաբյանը՝ հավանաբար կարծելով, թե ակնարկում ենք իր ծննդյան օրվա տոնակատարությունը, որին մասնակցել էր նաև Տիգրան Սարգսյանը, և ինչի մասին լրատվամիջոցներն օրեր շարունակ գրում էին»,–գրում է Հրապարակ թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։