Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իրեն փորձում են դատել երեք սուբյեկտ` «Պուտին-Մեդվեդև, Իվանիշվիլի և Չախալյանը»:
«9 տարի առաջ Շեվարդնաձեի ժամանակ այս շրջանում անգամ չէր ծածանվում դրոշը: Տեսեք մենք ինչ վրացական դպրոց ենք կառուցել: Բերեցինք վրացերենի ուսուցիչներ և այստեղ երեխաները վրացերեն են խոսում և ինչն է ամենակարևորը, որ ձևավորվել է վրացական գիտակցություն: Այստեղ սկսվել են մեծ նախագծեր` երկաթգիծ է կառուցվել, գազ են բերել: Իսկապես Ախալքալաքը վերադարձել է Վրաստանի իրավասությանը, ինչը Թբիլիսիում գրեթե ոչ ոք չի նկատել, սակայն ես հո գիտեմ, թե ինչ էր տեղի ունենում այստեղ: Այսօր այս ավազակ Չախալյանի հռետորությունը չգիտես ինչու համընկնում է իշխանությունների հռետորության հետ: Պարզվում է մենք քանդել ենք պետությունը, ավերել ենք այստեղ ամեն ինչ: Նա ասում է, որ պետք է դատել Սաակաշվիլիին: Սաակաշվիլին դատել պահանջում են երեք սուբյեկտ ` Պուտին-Մեդվեդև, Իվանիշվիլի և Չախալյան: Սա ոչ մի բանի մասին չի՞ խոսում: Անջատողականների մի փոքր խումբ է մնացել: Կոչ եմ անում Վրաստանի կառավարությանը դադարեցնել այս վտանգավոր խաղերը, քանի որ ամեն ինչ սկսվում է փոքր բանից, իսկ հետո ամեն ինչ կվերադառնա մեզ: Անձնական բարկությունը, ատելությունը կամ օտարերկրյա պատվերը չարժեն, որ այդքան վնաս հասցնել Վրաստանի անվտանգությանը: Սա իմ վերջին նախազգուշացումն է, որը թողնում եմ Վրաստանի կառավարությանը որպես խորհուրդ: Մի վերադարձրեք մեզ ոչ միայն Շեվարդնաձեի ժամանակաշրջան, այլ նաև մի տարեք կատարյալ քաոսի»,-հայտարարել է Սաակաշվիլին: Վրաստանի նախագահի խոսքերն է փոխանցում Грузия Online-ը:
Հիշեցնենք, որ երեկ Սաակաշվիլի` Ախալքալաք այցելության ժամանակ տեղի է ունեցել բանավեճ վերջինիս և հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի միջև: