Հայաստանի Զինված ուժերի Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայողներ Լյուքս Ստեփանյանի սպանության եւ Հրաչյա Սարգսյանին ծանր մարմնական վնասվածք հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կարելի է ավարտված համարել: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նա հայտնեց, որ  փաստաբանները ծանոթացել են գործին, սակայն գործը դեռևս դատարան չի ուղարկվել, և եթե միջնորդություններ չներկայացվեն, ապա այն կուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ: Դ. Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: