«Ես որտեղի՞ց իմանամ էտի։ Ինքը ինձ մոտ աշխատում ա, շատ լավ էլ երիտասարդ տղա ա, շատ լավ էլ աշխատում ա»,– «Առավոտի» հարցին այսպես արձագանքեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը։ Խոսքը համայնքապետարանի առևտրի և սպասարկումների բաժինը ղեկավարող Վարդան Զաքարյանի՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի 22-ամյա որդու մասին է, որ արդեն մեկ ամիս է, ինչ նշանակվել է այդ պաշտոնին։ Մեր տարակուսանքին՝ այդքան երիտասարդ, անփորձ ու ընդամենը մեկ ամիս աշխատելով ինչպե՚՚ս կարող է լավ աշխատել, Արմեն Ուլիխանյանը շտապեց համոզել, որ այդպես էլ կա. «Նորմալ աշխատում ա, ի՞նչ կապ ունի՝ ում որդին ա։ Ինձ պետք ա մարդն աշխատի։ Շատ ակտիվ, շատ լավ, բանիմաց տղա ա»։ Պարզվեց, որ Վարդան Զաքարյանն Ուլիխանյանի «աչքի առաջ ա մեծացել», քանի որ Զաքարյանների ընտանիքն այդ համայնքում է ապրել։ Ընտանիքի մոր՝ Գայանե Սողոմոնյանի հետ էլ Ուլիխանյանը ծանոթ է դեռ նրա՝ դպրոցի տնօրեն եղած ժամանակներից, Իշխան Զաքարյանի հետ՝ Աժ պատգամավոր եղած ժամանակներից, ու իմանալով, որ Վարդանն աշխատասեր տղա է՝ վերցրել է աշխատանքի. «Բացարձակ էստեղ ծնողները կապ չունեն»։

Մեր տեղեկությունները, որ առաջիկայում հենց Վարդան Զաքարյանն էլ զբաղեցնելու է Նոր Նորք վարչական համայնքի ղեկավարի պաշտոնը, Ուլիխանյանը չմեկնաբանեց։ Ասաց, որ ինքն իր տեղում հիմա աշխատում է, ի՞նչ ասի։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ դա է լինելու Իշխան Զաքարյանի փոխհատուցումը ՎՊ նախագահի պաշտոնից նրա պաշտոնանկության։ Ասում են նաև, որ պաշտոնանկությունից հետո Իշխան Զաքարյանը կստանձնի որդու՝ Նոր Նորք վարչական համայնքի ղեկավարի խորհրդականի դերը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում