Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ-ի N զորամասի մարտական դիրքում սպանված Խաչատուր Խաչատրյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս։ «Ժողովուրդ»–ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ մինչ զինվորի սպանությունը ԼՂՀ-ի՝ N զորամասի մարտական դիրքում իրավիճակը բավական լարված է եղել։ Այդ օրերին հայկական սահմանին ադրբեջանցիները կրկին փորձել են սադրանքներ հրահրել, ինչի համար հրամանատարները զինվորներին կոչ են արել առավել զգոն լինել։ Ավելին, երբ ժամկետային զինծառայող Տիգրանը կրակել է սահմանից եկող ոտնաձայների ուղղությամբ, ուրախ շտապել է իր զինծառայող ընկերներին ասելու, թե թշնամուն սպանել է, սակայն ավելի ուշ պարզվել է, որ սպանվածն իր ընկերն Է։ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում Տիգրան Հակոբյանի մայրը՝ Էվելինան, ասաց, որ իրենց նույնպես նման տեղեկություններ են հասել. «Սակայն մեզ համար անհայտ է մնում, թե Խաչատուրն ինչպես է հայտնվել իմ տղայի դիրքում, ինչո՞ւ ձայն չի հանել։ Հիմա սպասում ենք փորձաքննության արդյունքներին ու տեսնենք, թե ինչ կլինի։ Միայն Խաչատուրը գիտեր, թե ինչ է կատարվել սահմանին»»,–գրում է Ժողովուրդ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։