Լևոն Տեր- Պետրոսյանի հայտարարությունը, բնականաբար, ընդդիմության տեսակետն է արտահայտում, կրկնվող սցենար է, նույն բանը եղել է նաև երկրորդ նախագահի դեպքում:

Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նրա հայտարարությանը, նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Գնահատականներ դժվարանում եմ տալ, որովհետև վերլուծություններ չկան, հանիրավի ասված խոսքեր են», - նշեց նա:

Սահակյանի խոսքերով, այդպիսի բաները սովորական քաղաքական կյանքի սցենարներ են, որոնք ուղղված են և կառավարությունների դեմ, և նախագահների դեմ:

«Հիմնավորումներ չկան, մեր վարկը միջազգային ասպարեզում շատ բարձր է, մեր տնտեսական գործակիցներն առաջ են գնում, առավել ևս աշխարհը զարմացած է, որ փակ պատերազմող երկիրը ոնց է տնտեսական աճ ունենում, ինչպես է ճգնաժամից դուրս գալիս: Էնպես որ չեմ կարծում, որ էստ էության տրամաբանական կլինի չվերլուծված արտահայտությունը վերլուծել և գնահատական տալ», - պարզաբանեց նա:

Պատասխանելով այն հարցին, թե նման մեծ չափերի արտագաղթի դեպքում արդյո՞ք տրամաբանական չեն առաջին նախագահի խոսքերը, Գալուստ Սահակյանը նախ նշեց, որ արտագաղթը շատ վատ բան է, բայց պիտի նաև տրամաբանորեն հետևել ընդհանրապես աշխարհին:

«Տնտեսական ճգնաժամի պայմաններում ամբողջ մերձբալթյան երկրները դատարկվեցին մեծամասամբ: Դա մարդիկ են գնում են իրենց հանապազօրյա հացը վաստակելու, դա չի նշանակում, որ լքում են իրենց պետությունը, իրենց օրրանը կամ քիչ հայրենասերներ են կամ գնացել են մշտապես բնակվելու», - նշեց նա:

Անդրադառնալով Լևոն Տեր –Պետրոսյանի հայտարարության շախմատային հատվածին, նա նշեց, որ չի ուզում պամֆլետներ հորինել մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, քանի որ ընդամենը դա արտահայտության ձև է, որով փորձել է ազդեցություն ունենալ ընթերցողների վրա:

«Բայց իրականում դրանք սին խոսքեր են, որը ամբողջ օրը լսում ենք ընդդիմադիր ճակատից», - նկատեց նա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է հենց հիմա արտահայտվում նա նշեց. «Լևոն Տեր- Պետրոսյանն ըդպիսին է, տաս տարի սպասում է, նոր է խոսում, հետո վեց ամիս դադարում է , նորից է խոսում, հետո երևի թե հանգստանումա, գիտական աշխատություններից հետո թարմանալուց հետ նորից ա խոսում, դա իր որդեգրած սցենարն է», - նշեց նա:

Իսկ անդրադառնալով այն տեսակետին, որ նրա հայտարարությունն ազդեցիկ է, Գալուստ Սահակյանը հարցով պատասխանեց. «Ազդեցի՞կ, շատ ազդեցիկ խոսել է Շիրազը, Շիրազ կարդացեք»: