Երգիչ Գրիգորի Լեպսի PR-տնօրեն Մայա Սերիկովան մեկնաբանել է ԱՄՆ ֆինանսների նախարարության որոշումը՝ պատժամիջոցներ սահմանել իր հաճախորդի նկատմամբ, հայտնում է РСН-ը:
Նրա խոսքով՝ Լեպսը «երբեք չի ունեցել» ամերիկյան հաշվեհամարներ, այդ իսկ պատճառով նրա հաշվեհամարների սառեցման մասին տեղեկությունը ոչ մի աղերս չունի իրականության հետ:
Սերիկովան պնդում է, որ Լեպսը չունի նաև անշարժ գույք ԱՄՆ-ում, հետևաբար, «չի պատրաստվում այնտեղ ապրել»:
«Դժվար է պատասխանել հարցին՝ արդյոք դա այն Գրիգորի՞ն է, որի մասին բոլորը խոսում են»,- հայտարարել է նա:
Անձամբ Լեպսն ասել է, որ նման մեղադրանքներից հետո «ամերիկացիները պետք է գերեզմանից հանեին ու բանտ նստեցնեին Ֆրենկ Սինատրային»:
Իր հերթին, երգիչ Իոսիֆ Կոբզոնը կոչ է արել ռուսական իշխանություններին՝ պատասխան քայլեր ձեռնարկել Գրիգորի Լեպսի հասցեին ԱՄՆ իշխանությունների մեղադրանքներից հետո, հայտնում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը իր կայքում հրապարակել էր «Եղբայրական շրջանակ» հանցավոր խմբավորման ենթադրյալ անդամների անունները, որոնց թվում էր նաև երգիչ Գրիգորի Լեպսը: Գերատեսչությունը հայտնել էր, որ պատժամիջոցներ է կիրառելու Լեպսի նկատմամբ: