«Պարտադիր չէ, որ թոշակ ստանաք, թող ձեր երեխաներն աշխատեն», ասել է ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետը՝ պատասխանելով զոհված ազատամարտիկի այրի Գայանե Սահակյանին։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ հավելում. «Ընդամենը մի շաբաթ առաջ, երբ կառավարությունը որոշեց վերացնել գործազրկության նպաստները, մենք կանխատեսել էինք, որ շուտով թոշակները նույնպես կվերացվեն։ Փաստորեն՝ առաջին քայլն արված է։ Անհասկանալի է միայն, որ եթե թոշակ ստանալը պարտադիր չէ, ինչո՞ւ է կառավարությունն անցնում կենսաթոշակների «կուտակային» սկզբունքին։ Հանկարծ այնպես չստացվի, որ 30-35 տարի մարդկանցից վերցնեն այդ գումարները, իսկ վերջում պարզվի, որ թոշակ ստանալու են միայն նրանք, ովքեր զավակներ չունեն։
«Թող ձեր երեխաներն աշխատեն, ձեզ պահեն» գաղափարն, ի դեպ, նորույթ չէ։ Սրանից մի 7-8 տարի առաջ այդպիսի գաղափար էր հղացել Թուրքմենբաշին եւ նույնիսկ հասցրել օրենքի ուժ տալ դրան։ Ափսոս՝ կարճ ժամանակ անց մահացավ։ Բայց նրա գործն, ինչպես երեւում է, անմահ է։ Համենայն դեպս՝ Հայաստանում»,- գրում է «Չորրորդ իշխանությունը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: