«Հրապարակը» զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից:

Վերջերս գրվեց, որ Վազգեն Սարգսյանի տուն եկող-գնացող իշխանավորների հետ Դուք հանդիպում եք: Ովքե՞ր են գալիս:

Քանի որ մեր ժողովուրդն այդ հարցում մեծ հետաքրքրասիրություն ունի, ասեմ: Ես եւ իմ ծնողներն ապրում ենք Արարատ գյուղի տարբեր ծայրերում: Նրանք ապրում են Վազգենի տանը, որը նաեւ թանգարանի մոտ է: Մենք չենք կարող ընտանիքով այդ նույն տանն ապրենք, որովհետեւ մեր ընտանիքը մեծ է, ծնողներս էլ չեն ուզում գան ինձ հետ ապրելու, որովհետեւ համարում են, որ Վազգենի տան դռները պետք է միշտ բաց լինեն իր ընկերների, բարեկամների, թանգարան այցելողների առաջ: Մինչեւ հոկտեմբերի 27-ը այդտեղ այցելել են բոլորը, այն ժամանակ նախագահ Քոչարյանն իր ընտանիքով, Սերժ Սարգսյանը, որոնք 27-ի դեպքերից հետո հայտարարեցին, որ իրենք եղբայր եւ հարազատ կորցրին: Ես այն ժամանակ էլ, այսօր էլ այն կարծիքին եմ, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպողները հստակ հաշվարկել էին, որ այն ոչ պակաս արյունահեղ շարունակություն է ունենալու: Դրանով էր պայմանավորված իմ վարչապետ դառնալը, նաեւ հետագայում իշխանությունից դուրս գալը: Հոկտեմբերի 27-ից հետո մեր տուն այցելել են վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, 4 կամ 5 անգամ, մարտի 5-ին՝ հիմնականում, Վազգենի ծննդյան օրերին եւ այն ժամանակ, երբ քաղաքական իրավիճակը լարված չէր, եւ ես փողոցներում, իշխանության վերաբերյալ սուր հայտարարություններ չէի անում:

27-ից հետո է՞լ ովքեր են եղել:

27-ից հետո 2 անգամ մեր տուն է այցելել Տիգրան Սարգսյանը, որը թե Վազգենի օրոք աշխատել է նրա հետ, իսկ իմ ժամանակ տնտեսական հարցերով ամենալավ խորհրդատուս էր, ինչի համար նրան շնորհակալ եմ: Բայց նա այցելել է ծնողներիս, երբ ես տանը չեմ եղել: Դրանից բացի, եղել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Մանվել Գրիգորյանը, որի առաջ մեր դռները միշտ բաց են, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը: Մենք միշտ ուրախ ենք եղբորս պատերազմական ընկերներին ընդունելու: Նրանք, ովքեր Վազգենին իրենց եղբայր ու ընկեր էին համարում, հոկտեմբերի 27-ից հետո այդ տուն չեն մտել: Դա լավ է, թե վատ՝ չգիտեմ, բայց եթե գային, դրանից ոչ մի բան չէր փոխվի:

Սերժ Սարգսյանը, Քոչարյանը եկե՞լ են 27-ից հետո:

Սերժ Սարգսյանը եկել է մի անգամ, երբ եղբորս տուն-թանգարանը բացվեց, պաշտոնական արարողությանը, պետական այլ այրերի հետ, բայց ներս մտել է, թե չէ՝ չեմ հիշում: Նա պաշտպանության նախարար էր: Քոչարյանը չի եկել: Հավանաբար, մարդը որոշակի բարդույթներ ունի, որ չի եկել: Ինձ համար հաճելի չէր լինի, որ նա գար, բայց ես չեմ կարծում, որ իմ ծնողները դուրս կհանեին նրան:

Ամբողջական հարցազրույցը` թերթի այսօրվա համարում