Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրում «Լոկոմոտիվի» հետ հանդիպումից հետո,որը տեղի է ունեցել առանց հանդիսատեսների, չի թաքցրել, որ այդ հանգամանքը ազդել է իր ակումբի խաղի վրա: Ավելին նա նշել է, որ իր գոլը ուրախության առիթ չէ, եթե ակումբը պարտվում է: Այս մասին հայազգի ֆուտբոլիսը հայտնել է «Спорт Экспресс»-ի լրագրող Արտյոմ Ագապովի հետ զրույցում:

- Խաղի վրա ազդեց այն հանգամանքը, որ այն տեղի էր ունենում առանց հանդիսատեսների՞ :

- Այո, այդ հանգամանքը որոշակիորեն ազդեց խաղի վրա: Մենք շատ վշտացած ենք Յարոսլավլի դեպքերի հետ կապված: Ընդ որում որոշումը ընդունվել է խաղից ընդամենը երկու օր առաջ և այն, ըստ իս, շատ անարդար է երկրպագուների նկատմամբ: Սակայն այդպիսին է համապատասխան կարգապահական մարմնի որոշումը, մենք չենք կարող դրա հետ ինչ-որ բան անել:

- Կարելի՞ է ասել, որ այսօր «Լոկոմոտիվը» խաղով «Սպարտակից» ուժեղ էր:
-Ոչ, չէի ասի, որ դա այդպես է: Այո, «Լոկոմոտիվը» լավ ակումբ է, պարզպես նայեք նրա կազմում գտնվող ֆուտբոլիստներին: Սակայն չեմ գտնում, որ նրանք գերազանցում են մեզ: Նրանք խուսափում էին սխալներից և գոլ խփեցին, երբ մենք թույլ էինք տալիս սխալներ և չէինք օգտագործում մեր պահերը: Այդպես է կառուցված ֆուտբոլը. Մեկը սխալվում է, իսկ մյուսը օգտվում է դրանից և գոլ խփում:

-Ի՞ նչ կասեք Պեսյակովի խաղի մասին:

- Այս հարցը ավելի լավ է տվեք մարզիչին:Իսկ իմ կարծիքը Սերգեյի մասին հետևյալն է, նա լավ, երիտասարդ դարպասապահ է:

- Դուք անընդհատ գոլի հեղինակ եք դառնում: Կարելի՞ է ասել, որ Դուք արդեն հարմարվել եք «Սպարտակին»:

- Ամենայն հավանակությամբ կարելի է այդպես ասել: Գիտե՞ ք՝ իսկապես ես ինձ շատ հարմարավետ եմ զգում: Այդ մասին վկայում է նաև վիճակագրությունը: Ես հասկանում եմ «Սպարտակի» խաղը, հասկանում եմ, թե ինչպես է աշխատում ակումբը, իսկ ակումբը հասկանում է իմ խաղը: Այո, այսօր ես կրկին գոլի հեղինակ դարձա, սակայն դժբախտաբար այդ գնդակը ոչ մի նշանակություն չունեցավ: Մենք պարտվեցինք և ես տխրել եմ բոլորի հետ: