Ազգային ժողովում 2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ վերջին 10-15 տարիներին մայրաքաղաքում շինարարության խիստ կենտրոնացվածության պատճառով Հայաստանից մեծ թվով շինարարներ տեղափոխվել են Երևան:
«Դրա արդյունքում ուղղակի դեմոգրաֆիկ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, քանի որ մարդիկ ապրուստի միջոց Երևանում են գտնում, տեղափոխվում են այստեղ ապրելու: Սպասարկումների ոլորտի շրջանառության շուրջ 85 տոկոսը կատարվում է Երևանում՝ գերկենտրոնացվածության արդյունքում: Մինչև 97 թիվը Երևանում ոչ մի շինարարություն չի կատարվել՝ մարզերի համաչափությունը պահպանելու շատ պարզ տրամաբանությամբ: Որտե՞ղ է որոշվում այս խիստ վնասակար, հակապետական ռազմավարությունը, որ Երևանը շինարարության, քաղաքաշինության կենտրոն է»,- հարցրեց նա:
ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ շինարարության ութսուն տոկոսը չի գտնվում Երևանում: Նա խորհուրդ տվեց Մանուկյանին՝ տարբերել մասնավորն ու պետականը:
«Դուք խառնում եք, պարոն Մանուկյան, կներեք, դուք մասնավոր և պետական շինարարությունը իրար հետ խառնում եք, մասնավորը շուկան է կարգավորում, պետականը՝ պետությունը»,- ասաց նա, ինչին Մանուկյանը պատասխանեց, որ շատ լավ հասկանում է իր հարցի իմաստը:
«Եթե կարելի է, թույլ տվեք, քանի որ ինձ ասացիք…»,- ցանկացավ պատասխանել Այվազյանը, սակայն ՀԱԿ պատգամավորն ընդհատեց, նշելով. «Ուրեմն, դիտողություն մի՛ արեք ինձ»: ՀՀԿ անդամը նշեց, որ ինքը երբեք դիտողություն չի անում: «Դիտողություն չեմ անում, քավ լիցի, ես որևէ անգամ չեմ ցանկանում որևէ մեկին դիտողություն անել, ես պարզապես տեղեկացնում եմ` մնացածը թողնելով սեփական իրա մտածմունքին, Երևանում տվյալ պարագայում դպրոցաշինության մասը հասցված է զրոյի»,- ասաց նա:
«Իմ ասածը կոնկրետ շինարարության խնդրի մասին չէ, այլ այն քաղաքականության, այն ռազմավարության, որ դատարկում է Հայաստանի մնացած մարզերը: Իհարկե, Դուք կարծում եք՝ միջոց չե՞մ կարող ասել, թե ինչպես կարելի է այդ շինարարությունը Գյումրիում կամ Վանաձորում անել. ստրատեգիական մոտեցման դեպքում այդ շինարարությունների կեսից ավելին կարող էր Երևանում չլինել, և ով չգիտի, որ դրա միակ նպատակը փող լվանալն է, ոչ թե բնակարանաշինությունը»,- ասաց նա