ՀՀ գլխավոր դատախազ Գ.Կոստանյանին հասցեագրված բաց նամակի արձագանքի վերաբերյալ մեր կողմից կատարված հարցման առնչությամբ փաստաբան Ս.Ջաղինյանը հայտնեց, որ լրատվամիջոցներով տարածված բաց նամակից բացի առանձին դիմումներով ՀՀ գլխավոր դատախազին են դիմել նաև իր պաշտպանյալ Մարտին Ծերունյանը և նրա կինը, սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել:
Ինչպես նշվել էր նախկինում ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով 11.05.2013թ. Մարտին Ծերունյանը ձերբակալվել է, 14.05.2013թ. նրան անհիմն ու չպատճառաբանված մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրնսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննության 6 ամիսների ընթացքում կալանավորյալ մեղադրյալ Մարտին Ծերունյանի հետ որևէ քննչական գործողության չի կատարվել, ինչի արդյունքում խափանման միջոցը փաստացի վերածվել է պատժի:
«Իմ պաշտպանյալ Մարտին Ծերունյանի կալանավորման ժամկետը ևս 2 ամսով երկակարացնելու հերթական անհիմն միջնորդությունն է ներկայացվել դատարան: Պահպանելով մասնագիտական պարկեշտությունը այս պահին նշված միջնորդությունը հրապարակելուց ձեռնպահ եմ մնում, քանի որ այն դեռևս դատարանի կողմից քննության չի առնվել, սակայն, վստահեցնում եմ, որ այս միջնորդությամբ ևս անհայտ է մնում թե կատարած հանցավոր ինչ արաքի համար է մեղադրանք առաջադրվել Մ.Ծերունյանին և որոնք են նրա նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու, արդեն 6 ամիս անազատության մեջ պահելու և ևս 2 ամսով կալանքի ժամկետը երկարացնելու հիմքերը: Նշված միջնորդության մեջ իմ պաշտպանյալ Մարտին Ծերունյանի անվան փոխարեն ցանկացած այլ անձի անձնական տվյալներ տեղադրելու պարագայում այն նույնքան հիմնավոր ու պատճառաբանված կլինի, որքան Մ.Ծերունյանի դեպքում է: Այս ամենով ոտնահարվում են իմ պաշտպանյալի իրավունքները, վտանգվում Հայաստանի իրավական համակարգը:
Լիահույս եմ, որ մեր դիմումները, նամակներն ու միջնորդությունները արդեն հասել են հասցեատիրոջը` ՀՀ գլխավոր դատախազին, դարձել են քննարկման առարկա և դրական լուծում են ստանալու:
Իրականության մեջ իմ պաշտպանյալ Մարտին Ծերունյանը որևէ հանցավոր արարք չի կատարել, նրան առաջադրված մեղադրանքը նախաքննական մարմնի երևակայության արդյունքն է, որը ոչմի փաստական հիմք ու հիմնավորում չունի, ուստի համոզված եմ, որ մոտ օրերս նրա նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի և մենք օբյեկտիվ ու ողջամիտ օրինականության հաղթանակի առարկայացված օրինակ կունենաք»:
YerevanNews.am հետ զրույցի ժամանակ Մարտին Ծերունյանի պաշտպան Սամվել Ջաղինյանը հայտնեց, որ կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը 06.11.2013թ. ժամը 17:30-ին քննության է առնվելու Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որից հետո ինքը կպատասխանի լրատվամիջոցների հարցերին և իր պաշտպանյալ Մարտին Ծերունյանը այդ ժամանակ արդեն ազատության մեջ կլինի: