«Հրապարակը» գրում է, թե վերջին շրջանում ուժային կառույցները կադրային փոփոխությունների մրցավազքի մեջ են: Դե, Գլխավոր դատախազությունում այսպիսի բան տասնամյակը մեկ է լինում, իսկ ոստիկանությունում Վովա Գասպարյանի գալուց հետո կադրային կարուսելը ոչ մի օր կանգ չի առել: Բայց դա չի նշանակում, որ համակարգը բարեփոխվել է, դրանից առայժմ ռիսկային գոտում գտնվողների սրտի աշխատանքն է խաթարվել:

«Ուրբաթ օրը եւս նման պաշտոնանկությունների ալիք գնաց ոստիկանությունում: Ընդ որում սա այն շարքային փոխատեղումներից չէր՝ երկօրյա թեժ խորհրդակցությունների ու նախատինքների արդյունք: Եվ սա որքան էլ համակարգի «բարեփոխումների շրջանակում» տեղավորեն, դժվար է դրան հավատալ: Կադրային փոփոխությունների մի մասը հաստատ անձնական նկատառումներից ու սուբյեկտիվ գործոնից ելնելով է տեղի ունենում: Այս շարքից էր Կոտայքի մարզի ոստիկանությունում կատարված փոփոխությունը:

Վովա Գասպարյանն այս մարզում իրականացվող ծառայությունից դժգոհ էր, բայց դա պարզապես ոստիկանապետի դժգոհություն չէր: Այս պարագայում պետք է հաշվի առնել նրա եւ Ծառուկյանի հարաբերությունների «առանձնահատկությունները»: Թերեւս տեղի ոստիկանությունն այդ «հարաբերություններին» համարժեք չի գործել, ինչն էլ ստիպել է Գասպարյանին վերանայել իր նախկին նշանակումները:

Ըստ մեր տեղեկությունների, Կոտայքի մարզի ոստիկանության պետ Գրիշա Բադալյանը ոստիկանությունում հրավիրված խորհրդակցություններին քանիցս դիտողություն է ստացել: Առաջին անգամ տարեսկզբին է գասպարյանական լուտանքներին արժանացել՝ աշխատանքները վատ կազմակերպելու համար, իսկ երկրորդը՝ ամռանը, կիսամյակի աշխատանքներն ամփոփելիս: Ու Բադալյանին ժամանակ է տրվել սխալները շտելու, բայց ցանկալի արդյունքի չի հասել:

Եվ այսպես, Կոտայքի մարզային ոստիկանապետի պաշտոնը վստահվեց Գեղարքունիքի մարզի ոստիկանապետին՝ Վարդան Նադարյանին, ով ոստիկանապետի յուրայիններից է համարվում: Իսկ Աբովյանի բաժինը, որը Ծառուկյանի բուն թագավորությունում է՝ Սերոբ Հարությունյանին, ով Վովա Գասպարյանի վստահելիներից է եւ այս երկու տարվա ընթացքում հասցրել է զբաղեցնել մի շարք բարձր պաշտոններ: Նա հուլիսից կադրային ռեզերվում էր եւ, փաստորեն, գործուղվեց բավականին ռիսկային գոտի»,- գրում է թերթը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում