Այսօր հնարավորություն է հայտնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը չի եղել վերջին ժամանակները: Այս մասին Trend և Azernews գործակալություններին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«ԱՄՆ-ն  հավատում է այդ հնարավորությանը»,- նշել է Ուորլիքը:  Նրա խոսքերով նա ժամանել է Բաքու, որպեսզի միանա մյուս համանախագահներին:
«Տեսնելով, որ Ադրբեջանում և ավելի վաղ Հայաստանում կայացած ընտրություններից հետո հայտնվել է հնարավորություն, մենք խոսել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ծրագրում ենք խոսել Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,- ասել է նա:

«Գտնում եմ, որ երկու պետության՝ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները արժանի են խաղաղության և բարգավաճման: Մենք պետք է գտնենք միջոց և դա է պատճառը, որ ես զբաղվում եմ այս հարցով որպես համանախագահ, քանի որ գտնում եմ, որ կարելի է խաղաղություն տանող ճանապարհ գտնել»,- ասել է նա:

Ուորլիքի խոսքերով, նա պատրաստ է տարածաշրջան ժամանել այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտ է հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար:
Երկու նախագահների հանդիպման հարցին պատասխանելով՝ Ուորլիքը ասել է, որ այն կախված է անձամբ պետությունների ղեկավարներից:

«Այդ որոշումը չի ընդունվի միայն համանախագհների կողմից: Սակայն մենք ջանում ենք գործադրել մեր բոլոր ուժերը այս տարի հանդիպումը կազմակերպելու համար»,- ասել է նա:
Ուորլիքի խոսքերով այն օգտակար կլինի բարձր մակարդակով շփումներ հաստատելու համար:
«Մենք հուսով ենք, որ այն կարող է բերել ռեալ խաղաղ գործընթացի, համապարփակ բանակցությունների, հակամարտության կարգավորման, որը օգտակար կլինի երկու պետությունին էլ: Մենք շատ դրական բանակցություններ ենք ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Եթե կա քաղաքական կամք, որպեսզի կարգավորման հարցում առաջընթաց արձանագրվի, մենք պատրաստ ենք օգնել»,- ընդգծել է նա:

Նա նշել է, որ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են քննարկել երկու նախագահի հետ հետագա բանակցությունների ծրագիրը:

«Շուրջ երկու տարի նախագահները չեն հանդիպել և այս երկու տարվա մեջ մենք չենք կարողացել գտնել առաջխաղացման ճանապարհ: Մենք հուսով ենք, որ նախագահները կարող են հանդիպել արդյունավետ և կառուցողական քննարկումների համար, որը կօգնի առաջընթացին»,- ասել է նա:

Ուորլիքի խոսքերով ցանկալի է, որ հակամարտության կողմերը անձամբ հայտարարեն, որ ցանկանում են վարել համապարփակ բանակցություններ:

«Մենք հուսով ենք, որ եթե նախագահները կարող են բանակցել միմյանց հետ, ապա նրանք կգտնեն միջոց առաջխաղացման համար, որպեսզի այդ բանակցությունները լինեն կառուցողական: Այժմ գործընթացը կանգնած է, սակայն մենք կցանկանայինք առաջխաղացում խաղաղության ճանապարհին»,- ընդգծել է նա:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների մասին Ուորլիքը ասել է, որ դա հենց այն է, ինչ պետք է քննարկեն երկու պետության նախագահները:

«Այսօր մենք աշխատում ենք հիմնական սկզբունքների վրա: Մեր խնդիրն է օժանդակել համապարփակ բանակցություններին»,- ասել է նա:

Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային Եվրամիությամբ փոխարինելու առաջարկի հարցին՝ Ուորլիքը ասել է, որ հակամարտության կողմերը շարունակում են հավատալ Մինսկի խմբի շրջանակներում գործունեությանը:

«Խնդիրը ոչ թե բանակցությունների ձևաչափի մեջ է, հարցը կայանում է բոլոր կողմերի՝ առաջ գնալու, լուծում գտնելու քաղաքական կամքի մեջ: Սա այն է, ինչ մենք կցանկանայինք ուսումնասիրել մոտակա շաբաթների ընթացքում»,- ասել է նա:

Ուորլիքի խոսքերով ընտրությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում առաջ գնալու համար:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը այլ նմանատիպ հակամարտությունների համեմատության մասին՝ Ուորլիքը նշել է, որ դա շատ դժվար է, քանի որ նրանց առաջացման հանգամանքները տարբեր են:

«Լեռնային Ղարաբաղի բանակցությունները դժվար են, պետք է կատարվի դժվար ընտրություն: Սակայն այս հակամարտությունը կարելի է լուծել: Ես գտնում եմ, որ երկու երկրի ժողովուրդներն էլ արժանի են հակամարտության լուծում գտնելուն: Ժամանակ է անցել դրա համար: Եթե ես կարող եմ օժանդակել կարգավորմանը, եթե համանախագհները կարող են օգնել այս գործընթացը հեշտացնելու համար, ապա մենք պատրաստ ենք դա անել»,- ասել է Ուորլիքը:

 


.