Սեպտեմբերի 8-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում մահացել էր «բանդայի» գործով ամբաստանյալ Արման Դալլաքյանը:
YerevanNews.am-ը զրուցել է այն 4 անձանց հետ, ովքեր 2 տարի առաջ հենց այդ նույն օրը Արմանի հետ Վարդենիսից բերման են ենթարկվել Երևանի 6-րդ վարչություն:
Անդրանիկը (Արտուշա Հակոբյանի եղբայրը), Արթուրը, Միշոն և Արմենը մեր թղթակցի հետ զրույցում պատմել են իրենց հետ կատարվածը և այն սարսափելի դրվագները, որոնք տեղի են ունեցել իրենց աչքի առջև:
Անդրանիկը, Արթուրը, Միշոն, Արմենը և Արմանը եղել են Վարդենիսում: Ստորև ներկայացնում ենք ականատեսների պատմած սարսափելի դրվագները առանց խմբագրման.
«Մենք Բասարգեչարում էինք, հենց մտան ասեցին ձեզանից Բիձեն (Արման Դալլաքյան) ո՞վ ա, նախօրոք գիտեին, որ Արմանը մեր հետ ա ու սկսեցին սաղիս ծեծելով ավտոները նստացնել: Մեր 4 հոգուն էլ ծեծի ենթարկելով տարան, բայց Արմանին մի ուրիշ ձևով էին վերաբերվում: Արդեն գազելի մեջ զգացվեց, թե Արմանին ոնց են վերաբերում: Սաղս էլ կանդալներով էինք, բայց մենք նորմալ նստած էինք գազելի նստարանի վրա, բայց մենակ Արմանին գլուխը ոտերի մեջ մտցրած բերեցին Երևան: Գլուխը համարյա կպցրած էր գետնին, ու էդ նույն վիճակով նստացրին լիֆտ ու բարձրացրեցին վերև: Մենք սենյակներում էինք, Արմանի թևերը մտած, ոտերը քաշ տալով տանում էին ներքև ծեծում էին, հետո էլի նույն ձևով բերում էին: 3 օր նույն ձևով վերաբերվեցին Արմանի հետո, էնքան ծեծեցին, որ կողոսկրը մտել էր թոքի մեջ ու չդիմացավ Արմանը իրան դանակով խփեց: Էդ ժամանակ սաղ խառնվեցին իրար, շտապօգնություն կանչեցին, բուժաշխատողները նասիլկա բերեցին, որ Արմանին դնեն վրեն տանեն, էտ նասիլկի վրա դրած ուզում էին մտցնեին մարդատար լիֆտը, չէր տեղավորվում էտ լիֆտի մեջ, որոշեցին թեքեն նասիլկեն, ոտքերը հանեցին օդ, որ թեք մտցնեն ու էդ պահին Արմանը սղաց ու գլխի վրա ընկավ գետնին, ընենց ընկավ, որ էդ ձենը ականջներներիս մեջ ա: Ու էտ սաղ մեր աչքի առաջ էին անում: Արմանը, որ ընկավ էն վիճակում էր, որ աչքերը ոչ բացեց, ոչ փակեց: Պատկերացնում եք, որ մոտավորապես 2 մետրից մարդը ընկնում ա գետնին ու ոչ մի արձագանք չի լինում նրա կողմից: Արմանին լրիվ ուրիշ ձև էին վերաբերվում: Մեզ էլ էին ծեծում, բայց Արմանի նման չէին անում: Մեզ հանում կանգնացնում էին միջանցք, ասում էին լսեք Արմանի գոռոցները, որ հերթը ձերն ա լինելու:
3 օր տենց վերաբերվեցին, 3 օրը ոստիկաններից մեկը եկավ, որ «ճղինք արա», ուրախացան, որ իբր Արմանը խոստովանեց էն ամեն ինչը, ինչ իրանց պետք էր, ու էդ հարցաքննությունից չանցած 15 րոպե Արմանն իրան խփեց դանակով:
Հարցաքննությունը նկարել են ու լրիվ երևում է, թե ոնց են նվաստացնում Արմանին: Էնտեղ մի հատ հատված կա, որ մի հոգի քննիչ ա նստած, մի 10 հոգի դիմակով մարդիկ, գնում գալիս են, վախացնում են, նվաստացնում են: Այդտեղ երևում է, ոնց ա Արմանն ասում ջուր տվեք, մեկը ջուր է տալիս՝ պլաստմասայի շշով, հետո էնտեղից մեկը ասում ա. «արա՛, հանկարծ պռոշներիդ չկպցնես էդ շիշը», էն մեկն էլ պատասխանում ա. «արա՛ լավ, շշի մերը…»:
Դուք պատկերացրեք, որ էս ամեն ինչը իրանք անում են կամեռայի առաջ, բա կամեռան անջատած ինչեր են արել»,-նշում են ականատեսները:
YerevanNews.am-ը զրուցել է նաև Արման Դալլաքյանի հոր՝ Ալբերտ Դալլաքյանի հետ, ով մեզ հայտնեց, որ մինչև այս պահը, դեռ իրենց հայտնի չէ դատաբժշկական փորձաքննության արդյուքնները:
«25 օրվա ընթացքում պետք է ասեին: Ասում են, թե իբր ՁԻԱՀ-ով է մահացել: Ո՞վ իրավունք ունի նման բան ասելու: Արմանը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, անգամ պոլիկլինիկայի թուղթ չուներ»,-իր խոսքում նշեց Ալբերտ Դալլաքյանը:
Արման Դալլաքյանի պաշտպան Վաչագան Քոսյանը YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ գրավոր հարցում է ուղարկել, պարզելու համար, թե ինչու է ուշանում դատաբժշկական փորձաքննության արդյուքները, նրան հայտնել են, որ քրեական գործը ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, հետևաբար նրան չեն կարող տրամադրել տեղեկատվություն:
«Մինչ այս պահը ծնողներին ոչինչ չեն տեղեկացրել, սա էլ տեղեկացել ենք իմ հարցման արդյունքում»,-իր խոսքում նշեց Վաչագան Քոսյանը, հավելելով, որ գործի վարույթը կարճել են:
Ըստ Քոսյանի, դատաբժշկական փորձաքննության արդյունքները սովորաբար լինում են 20-30 օրվա ընթացքում, եթե բժիշկների համար վերլուծելու այլ բարդություններ չկան: Պրակտիկան ցույց է տալիս, որ միջինը մեկ ամսվա ընթացքում են լինում:
Ալբերտ Դալլաքյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ երբ այցելել է որդուն, վերջինս նրան ասել է, որ իրեն ահավոր վատ են վերաբերվում:
«Ինձ պատմել է, որ ձեռքն ու ոտքը կապել են, Քրիստոսի պես խաչել են և ներքին օրգաներին դուբինկայով խփել են, և ստիպել են, որ ասի ինքը ճանաչում է Արտուշյա Հակոբյանին և կապ ունի բանդայի անդամների հետ: Վախացրել են ասել են, կգնանք կնիկ, էրեխեքիդ էս կանենք, էն կանենք»,-իր խոսքում նշում է Ալբերտ Դալլաքյանը:
Ըստ Դալլաքյանի, մահվանից առաջ գնացել է որդուն տեսակցելու, սակայն նրան թույլ չեն տվել տեսնել Արմանին:
«Թող թողնեին իմ տղան իր վերջին խոսքն ասեր: Ասեցին չի կարելի, ինքը զոննայում է, չի կարելի տեսակցել: Արմանի հետ նստածներից մեկը ինձ պատմել ա, որ ինչպես է մեկը եկել ասել ա, մի հատ տարեք սրան սատկացրեք ու կցեք բանդայի գործին: Նա ինչ իրավունք ունի իմ երեխուն սատկացնելու»,-ասաց Ալբերտ Դալլաքյանը:
Քրեագետ Սերգեյ Գալոյանն էլ մի քանի օր առաջ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ այդ հարցաքննությունում, որի տեսագրությունը դատարանում ցուցադրվել է, երևում է, որ Արման Դալաքյանը խեղճ-խեղճ էր խոսում:
«Այդ պահին դատարանի դահլիճից մեկը գոռաց` չե՞ք տեսնում, որ էս մարդուն ծեծել են, ու դանակի սպառնալիքի տակ ստիպել են այսպիսի ցուցմունք տալ, իսկ գոռացողը Արտուշ Հակոբյանի եղբայրն էր, ով ձերբակալված էր այս գործով: Դատարանը նրան դուրս հրավիրեց դահլիճից: Այս հայտարարությունից հետո կամ պետք է այս մարդուն ձերբակալեին կամ էլ ապացույց պահանջեին: Նա ասաց, որ տեսել է, թե ինչպես են դանակի սպառնալիքներ եղել»,- նշեց քրեագետը` հավելելով, որ սա լուրջ փաստ է չպետք է անուշադրության մատնել:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ սեպտեմբերի 23-ին, Մյասնիկյան պողոտայում ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: