Աշխարհահռչակ իտալացի էստրադային երգիչ Ալ Բանոն դիմում է հղել Հռոմում գտնվող Ադրբեջանի դեսպանատուն՝ խնդրելով իրեն դուրս բերել Ադրբեջանի կողմից նոն գրատա հայտարարված մարդկանց «սև ցուցակից»: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը:
Երգիչը ընդգրկվել է Ադրբեջանի «սև ցուցակի» մեջ Լեռնային Ղարաբաղ այցելությունից հետո: Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո քարտուղար Էման Աբդուլաևի խոսքերով իտալացի երգիչը Ադրբեջանի դեսպանատանը ուղղված իր դիմումում ցավ է հայտնել իր՝ Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» ընդգրկվելու կապակցությամբ:
Իր դիմումի մեջ Ալ Բանոն նշել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ հայ-ադրբեջանական հակամարտության մասին: Նա ընդգծել է, որ նա մեծ հարգանքով է մոտենում Ադրբեջանին: Երգիչը նաև նշել է, որ «բռնազավթած տարածքներ» իր այցը քաղաքական ենթատեքստ չի ունեցել:
Աբդուլաևի խոսքերով պաշտոնական Բաքուն, ով շատ ցավալի է վերաբերվում Լեռնային Ղարաբաղ այցելություններին, իտալացի երգչի խնդրանքը կքննարկի:« Երբ մենք ներկայացնում էինք սև ցուցակը, հայտարարեցինք, որ եթե այդտեղ հայտնված մարդիկ ափսոսանք հայտնեն և ներողություն խնդրեն ադրբեջանական կողմից, ապա պաշտոնական Բաքուն կվերանայի նրանց անունը անցանկալի մարդկանց ցուցակից հանելու հարցը»,- հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո-քարտուղարը: