Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ Իշխան Զաքարյանի առանձնատան հարցին:
«Ես հարց եմ տալիս, որտեղի՞ց Իշխան Զաքարյանին այդքան կարողություն: Հարցին պատասխանում է Սերժ Սարգսյանը: Նա ուղիղ նայում է Իշխան Զաքարյանին ու ասում՝ պատկերացնում եք, թե ինչ կլինի, եթե Հատուկ քննաչական ծառայությունը կարծիք հայտնի Վերահսկիչ պալատի նախագահի մասին: Այն, որ Իշխան Զաքարյանն այսօր այստեղ է, դա նշանակում է, որ Հատուկ քննչական ծառայությունը կարծիք չի հայտնի»,- ասել է Փաշինյանը:
Նա նշեց, որ մի քանի անգամ է բարձրացրել առանձնատան հարցը, սակայն հստակ պատասխան չի ստացել:
«Ինչպե՞ս է ստացվում, որ բյուջեի միջոցները կասկածի տակ դնող պաշտոնյան կարող է ունենալ նման առանձնատուն: Իշխան Զաքարյանը չի ուզում հանրությանը բացատրել, թե որտեղից իրեն մի քանի միլիոն արժողությամբ տունը: Ցրում է, թեման փոխում, պարոն Զաքարյան, ես պնդում եմ, որ որպես Վերահսկիչ պալատի նախագահ, դուք պետք է պատասխանեք: Դուք տուն եք կառուցել, թե՞ արտադրամաս, ի՞նչ է նշանակում տանս ներդրում են արել: Մեխանզիմը բացատրեք, թող բոլոր անտուն ՀՀ քաղաքացիները իմանան ի՞նչ անել, որ միջազգային ներդրողները գան ու իրենց տան հարցերը լուծեն»,- հեգնանքով նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հավելեց, որ և Սերժ Սարգսյանը և ԱԺ դահլիճում նստած բոլոր միլիարդատերերը թող հանրությանը բացատրեն, թե ո՞նց կարելի է մի քանի տարում դառնալ միլիարդատեր: «Ինչո՞ւ եք թաքցնում, ասեք, թող բոլորը հարստանան, թե՞ մենակ դուք եք ուզում հարստանաք»,- նշեց նա, հավելելով, որ ինքը դեմ է քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը: