«Ժառանագություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր ՎՊ նախագահի թեկնածու Իշխան Զաքարյանին հիշեցրեց հինգ ամիս առաջ արված բացահայտումներն ու նախագահի մոտ հայտնի խորհրդակցությունը:
«Շատ անդուր իրավիճակ է ինչպես մեզ համար, հանրության համար, այնպես էլ պարոն Զաքարյանի համար: Մի թատրոնից հետո ականատես լինել մեկ այլ թատրոնի շարունակության»,- նշեց Փոստանջյանը:

Պատգամավորի խոսքով` բոլորը գիտեն, որ պետբյուջեի 700 մլրդ դրամը թալանվել է, և դրա ապացույցը պետական բարձրաստիճան պաշտոնյաների օրեցօր աճող հարստությունն ու առանձնատներն են։

«Որտեղի՞ց նրանց այդ գումարները, հարստությունը, իհարկե, դա պետական թալանի հետևանք է»,- նշեց պատգամավորը։
Ըստ Փոստանջյանի, բոլոր բացահայտումները ճշմարիտ են, բայց դրանք համաձայնեցված են եղել Սերժ Սարգսյանի հետ։

«Փաստորեն, կանչել էին Ձեզ, ասելու, որ Դուք սխալ եք: Այդ 7 թիվը Սերժ Սարգսյանին դուր չի գալիս, երևի դրա համար էր զայրացել, երևի պիտի 900 մլրդ ասեիք»,- նշեց Փոստանջյանը, հավելելով որ Իշխան Զաքարյանը պետք է «թքած ունենար» առանձնատան ներդրումների վրա և ասեր, որ չի ցանկանում առաջադրվել:
Նա նշեց, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը: