Չկա մի պատգամավոր, որ կասկածի տակ դնի ամիսներ առաջ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից ներկայացրած պետբյուջեի չարաշահումների մասին փաստերը։ Այսօր ԱԺ-ում, խոսելով ԲՀԿ խմբակցության անունից, հայտարարեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նաեւ բնական է համարում, որ կառավարությունը պետք է ոչ ադեկվատ արձագանքեր թե ադեկվատ արձագանքեր:

Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ Հայաստանում հնարավոր չէ ունենալ անկախ մարմին, որն ամբողջությամբ իր գործողություններն ինքնուրույն կիրականացներ. «Քանի դեռ մեր երկրում հաշված թվով մարդիկ են որոշում անմեղին և մեղավորին, չի կարող լինել բացարձակապես անկախ մարմին, որը կկարողանա իրականացնել Սահմանադրությամբ իրեն տրված լիազորություններն, ուստի ՎՊ-ից ավելին ակնկալել հնարավոր չէ: Սակայն ԲՀԿ-ն անվստահություն չի հայտնելու ՎՊ-ին, քանի որ այդկերպ մենք ուղղակիորեն կփակենք բյուջետային չարաշահումների վերաբերյալ բացահայտումներ անելու հնարավորությունը»։

Պատգամավորն ասաց, որ ԲՀԿ-ն հավատում է, որ այս ՎՊ-ն կարող է բոլոր բացահայտումներն իր ավարտին հասցնել, և օրինախախտները կպատժվեն. «Ի՞նչ եղավ բացահայտումներից հետո: Վարչապետը պարտադրեց բոլոր նախարարներին, որ աշակերտների նման արդարանան իրենց արած-չարածների համար»:
ԲՀԿ-ն գտնում է, որ անհրաժեշտ է համագործակցել ՎՊ-ի հետ, որպեսզի բյուջեից վերանան չարաշահումներն ու մսխումները. «ԲՀԿ-ի դիրքորոշումը ՎՊ նախագահի թեկնածությանը դրական է»։