«Ժամանակը» գրում է, թե երեկ Ազգային ժողովի նիստի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրապարակավ նկատողություն արեց փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, որ չի կարողանում դահլիճին կարգի հրավիրել: Վերջինս նիստն էր վարում այն ժամանակ, երբ Հ. Աբրահամյանը ներկայացնում էր օրակարգը: Եվ ԱԺ նախագահի խոսելու պահին էլ պատգամավորներն աղմկում էին: Հ.Աբրահամյանը հավանաբար նաեւ դահլիճի այդ վերաբերմունքից նեղված իր «մուռը» հանեց Է.Շարմազանովից:
Երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե «անբարոյական» է կողմ քվեարկել բարձրաստիճան պաշտոնյաների եւ իշխանության ներկայացուցիչների աշխատավարձը բարձրացնելուն, Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներն ակտիվորեն սկսեցին ելույթի իրավունք վերցնել:
Հ. Աբրահամյանը խոսելու իր հերթին պատգամավորներին հորդորեց չշեղվել հարցի էությունից եւ բովանդակային ելույթներ ունենալ, ու իմիջիայլոց հայտարարեց, որ եթե նիստ վարողը չի կարողանում դահլիճին կարգի հրավիրել, ինքն է ստիպված դա անել:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: