Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը կարծիք հայտնեց, որ քանի որ դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցելելու մասին, հետևաբար միանշանակ չենք կարող ասել, որ այցը տեղի կունենա:
«Չնայած դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել, այնուամենայնիվ կարող ենք եզրակացնել, որ այցը կլինի ` հաշվի առնելով վերջին իրադարձությունները»,- իր խոսքում նշեց Մարգարովը:
Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների սպասվելիք հավանական հանդիպմանը` քաղաքագետը նշեց, որ հանդիպումից հետո լուրջ բեկումներ չեն լինի:
«Հազիվ թե հանդիպումից հետո բեկում մտցվի ԼՂ հակամարտության մեջ: Հանդիպման ընթացքում կողմերը նորից կվերահաստատեն իրենց դիրքորոշումը արցախյան խնդրի կարգավորման համար: Բայց, հավանաբար, հանդիպման ընթացքում կխոսվի ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից որպես մեսիջ ուղարկված փոխվստահության մթնոլորտ ձևավորելու մասին»,- տեսակետ արտահայտեց Մարգարովը:
Շարունակելով խոսքը` քաղաքագետը նշեց, որ վերջերս Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացումը կապված է լարվածության մթնոլորտի պահպանման հետ: Նա իր խոսքում հավելեց, որ Ադրբեջանը քաջ գիտակցում է, թե ինչ հետևանքներ կարող են թողնել լայնամասշտաբ գործողությունները:
«Ադրբեջանն իր եկամուտների մեծ մասը ծախսում է զենք-զինամթերք գնելու համար: Արդյոք պատից կախված զենքը մի օր կկրակի՞, թե սա ուղղակի հատուկ քաղաքականություն է: Առայժմ Ադրբեջանն առաջնորդվում է սառը դատողությամբ և հասկանում է` ինչ կլինի, եթե պատերազմ սկսվի: Ադրբեջանը ռազմական քաղաքականության չի գնա` գիտակցելով հնարավոր հետևանքները»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ Ադրբեջանը միշտ կստանա համարժեք պատասխան իր սադրանքների դիմաց: