Սիրիայից մարդիկ փախչում են, քանի որ այնտեղ պատերազմ է, իսկ Հայաստանից ինչու՞ են փախչում, ի՞նչն է դրդում մարդկանց փախչել սեփական երկրից:

Այսօր Ելակետ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հարց ուղղեց Ժողովրդական կուսակցության հիմնադիր-նախագահ Տիգրան Կարապետյանը:

Նրա համոզմամբ` մարդիկ Հայաստանում պատժվում են հայրենասիրության համար:
«Ինչու՞ պետք է մարդիկ փախչեն սեփական երկրից: Մարդիկ այստեղ պատժվում են հայրենասիրության ու արդարաություն պահանջելու համար: Շանթ Հարությունյանին շատ եմ ափսոսում: Իշխանությունը պետք է հասկանա, որ սեփական ժողովրդին պետք է պահել, ոչ թե զբաղվել գումարներ հայթայթելով ու թալանով»,- իր խոսքում նման բնորոշում տվեց Կարապետյանը:

Անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը` Կարապետյանը նշեց, որ այդ կերպ իշխանությունը հավատում է, որ իրեն փող կտան:

«Դա Ռուսաստանին կամ Ղազախստանին պետք չէ: Հայաստանը ճարահատյալ քայլեր է անում աջ ու ձախ»,- իր խոսքում նշեց Կարապետյանը:

Նա նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանում ընդդիմություն չկա, ամեն ինչ շինծու է:

«Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի հետևից էիք վազում… ՀԱԿ-ը, ՀԱԿ-ը: Բա ու՞ր ա հիմա ՀԱԿ-ը: Հիմա որևիցե մի ուժ հանրահավաք անի, ՀԱԿ-ը միանգամից ոտքի կկանգնի: 15 տարվա թունդ ընդդիմադիրները նստած են թուրքերի կողքը: Ամեն մեկն օլիգարխի է կպել ու կերակրատաշտակից ա օգտվում, մեկը Հովիկ Աբրահամյանի հետևից է ման գալիս: Ով իրանց հետ չի պատժվում ա, ով իրան լավ ա զգում` ուրեմն` կապեր ունի»,-իր խոսքում այսպիսի գնահատական տվեց Տիգրան Կարապետյանը: