Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը ИТАР-ТАСС-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչպես է ակումբը նշել «Զենիթի» նկատմամբ հաղթանակը, հիշել է «Այաքսում» անցկացրած տարիները, ինչպես նաև հայտնել է իր տեսակետը Հայաստանի հավաքականի հեռանկարների մասին: Կիրակի օրը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Սպարտակը» կամային հաղթանակ տարավ առաջնության առաջատար Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նկատմամբ 4-2 հաշվով: Ֆուտբոլիստները հաղթանակը տոնել են Կոմբարով եղբայրների ռեստորան:
- Ինչպե՞ս է ինքնազգացումը «Ռոմաշկայում» անցկացրած խնջույքից հետո:
- Որտեղից Դուք ամեն ինչ գիտեք: Հիանալի կերպով նշեցինք հաղթանակը ամբողջ ակումբով: Պարբերաբար երկու ամիսը մեկ անգամ մենք անց ենք կացնում նման հանդիպումներ ոչ պաշտոնական միջավարում: Ես շատ ժամանակ չէ որ «Սպարտակում» եմ, սակայն սա իմ առաջին ակումբային երեկույթը չէ:
- «Զենիթի» հետ խաղը շատ վատ սկսվեց Ձեր համար: Վալերի Կարպինը նշեց, որ ակումբը ուղղակի հուզական այրում է ունեցել:
- Նա իրավացի է: Իհարկե միշտ ցանկալի է ցույց տալ լավագույն ֆուտբոլը, սակայն միշտ չէ, որ ամեն ինչ ստացվում է: Այդպիսի պահերի խաղը կարող է ամբողջովին շուռ տալ ընդամենը մեկ պահ: «Զենիթի» հետ խաղում Ռեբրովի կողմից հետ մղած տասնմեկմետրանոց հարվածն էր: Այդ պահին մենք հասկացանք, որ ամեն ինչ կարող ենք ուղղել: «Լոկոմոտիվը» պարտվեց Տոմսկում, իսկ մենք հաղթանակ տարանք «Զենիթի» նկատմամբ և մոտեցանք առաջին տեղին: Չեմպիոնական մրցավազքը շարունակվում է:
- Ինչպիսի՞ն է զգացումը դատարակ խաղադաշտում խաղալու:
- Ոչ մի այսպիսի բան իմ կարիերայում չէր եղել: Շատ տարօրինակ զգացում է: Այո մենք լավ էինք լսում միմյանց, մարզիչի հուշումները, սակայն կրկնվեմ այս ամենը շատ տարօրինակ էր:
- Խաղից հետո շփվեցի՞ք Նիկիտա Սիմոնյանի հետ:
- Այո, նա շնորհավորեց մեզ հաղթանակի կապակցությամբ: Մենք Սիմոնյանի հետ մի քիչ զրուցեցինք, իսկ Յուրա Մովսիսյանը նվիրեց իր խաղաշապիկը: Սիմոնյանի հետ շփումը մեծ պատիվ է ինձ համար:
- Իսկ կարո՞ղ էիք Դուք գնդակը վերցնել խաղընկերոջից և տասնմեկմետրանոց խփել
- Դժվար թե: Մեզ մոտ ամեն ինչ հստակ կանոնակարգված է: Կան մարդիկ, որոնք իրականացնում են տասնմեկմետրանոցները:
- Հիշում եք Պերմում խաղի վերջին րոպեներին Դուք երկար ժամանակ բանակցում էիք Տինո Կոստայի հետ, թե ով պետք է իրացնի տուգանային հարվածը:
- Այդպիսի պահերին պետք է մինչև վերջ ազնիվ լինել: Այդ պահին ես համոզված էի, որ կարող եմ օգնել ակումբին : Ընդհանրապես ես մեծ նշանակություն չտվեցի այդ իրավիճակին: Տինոն նույնպես շատ լավ է իրացնում:
- «Սպարտակի» երկրպագուները երկար են սպասել Ձեր կատարմամբ հեռահար հարվածների և տուգանայաիններից հետո գոլերին:
- Դեռևս չի ստացվում: Հավատացեք ես չեմ մոռացել դարպասների ուղղությամբ հարվածները, իմ հարվածը նախկինի պես ուժեղ է: Ամեն ինչ կարգին կլինի, գոլերը կգան: Ես չեմ մտահոգվում այդ ուղղությամբ:
- Ո՞րն եք Ձեր կարիերայի լավագույն գոլը համարում:
- Առանձնացնել ինչ-որ մեկը դժվար է: Ամենայն հավանականությամբ անցած մրցաշրջանում «Դինամոյի» դարպասներին գոլը: Ես այդ ժամանակ խաղում էի «Կուբանի» կազմում: Մենք հաղթանակի հասանք վերջին րոպեներին:
- Դժվա՞ր էր հարմարվել Սպարտակի ոճին, որը հիմնված է գնդակ պահելու տակտիկայի վրա հակահարձակումների վրա շեշտը դնող «Կուբանից» հետո:
- Իսկապես Կրասնոդարյան թիմում ես այլ գործառույթներ էի իրականացնում: Սակայն խաղից խաղ ես ավելի շատ եմ հարմարվում Սպարտակի ֆուտբոլին:
- Կարծես Սպարտակի խաղը Ձեզ հնարավորություն չի տալիս արագացումներ կատարել:
- Այստեղ ես գործողությունների ավելի քիչ ազատություն ունեմ: Ինձ հարմար է խաղալ թե աջ թե ձախ թևերում: Չնայած ազատ ֆուտբոլիստի խաղավիճակը ինձ դուր է գալիս:
- Ձեր առաջին գոլը Սպարտակի կազմում համընկավ ակումբի ջախջախիչ պարտության հետ, ինչպիսի՞ զգացումներ ունեիք այդ գիշեր:
- Երբ մենք գոլ խփեցինք խաղի սկզբում, ես մտածեցի, որ մենք կարող ենք հաղթանակի հասնել երեք չորս գոլի տարբերությամբ: Սակայն ինչպես ես արդեն ասեցի, յուրաքանչյուր խաղ կարող է շուռ գալ մեկ պահի: Այդպես ստացվեց նաև «Սանկտ-Գալենի» հետ խաղում: Մենք անցկացրեցինք, մեղմ ասած, ոչ լավ խաղ: Այսպիսին է ֆուտբոլը: Լինում են վերելքներ և տապալումներ: Այսօր քեզ հերոս են համարում, իսկ արդեն վաղը կարող են ոչնչություն համարել:
- Քանի ՞տարեկանում եք ընդունվել Այաքսի ակադեմիա:
- Յոթ տարեկան: 1997 թիվն էր:
- Իսկ հաջորդ տարի «Սպարտակը» հաղթեց «Այաքսին» ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության ժամանակ: Հիշու՞մ եք այդ խաղը:
- Ոչ, սակայն ինձ «Սպարտակում» շատ են պատմել այդ խաղերի մասին: Դրա փոխարեն հիշում եմ Եվրոպայի Լիգայի երկու տարի հնությամբ խաղերը: Այն ժամանակ «Այաքսը» կրկին պարտություն կրեց:
- Ո՞վ է եղել Ձեր մանկության կուռքը:
- Դիեգո Մարադոնան:
- Ձեր կյանքի լավագույն հանդիպումը Դուք անց եք կացրել «Այաքսի» կազմում:
- Մտածում եմ այո: Անցած տարվա գարնան մենք Եվրոպայի Լիգայում հաղթեցինք «Մանչեսթեր Յունայթեդին» Օլդ Տրաֆորդում: Հավաքվել էր շուրջ 75 հազար հանդիսատես: Այդ խաղի ժամանակ ես գոլի հեղինակ դարձա և գոլային փոխանցում կատարեցի:
- Այաքսում Դուք խաղում էիք Էդգար Մանուչարյանի հետ, ով այդ ժամանակ շատ հեռանկարային ֆուտբոլիստ էր թվում:
- Մանուչարյանը իմ տեսած ամենամեծ տաղանդներից մեկն է: Տեխնիկապես ուժեղ, արագ, խելացի: Երբ Էդգարը վազում է, նա կարծես քայլում է ջրի վրայով: Հավատացեք ինձ նա Հայաստանի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Սակայն բացվելու համար ֆուտբոլիստի համար մի քիչ հաջողություն է պետք: Մանուչարյանը շատ վնասվածքներ է ունեցել, նրանք շատ են խանգարում նրան ամբողջ կարիերայի ընթացքում:
- Ինչպե՞ս եք գնահատում նրա խաղը Ուրալում:
- Եթե նա լավ խաղավիճակի մեջ է, ապա կարող է շատ բան անել: Դա շատ կարևոր է: Հուսով եմ, որ նա իրեն ցույց կտա:
- Մենք գիտենք, որ Դուք ունեք Հոլանդիայի երիտասարդական հավաքական մարզաշապիկ: Ինչու՞ արդյունքում ընտրեցիք Հայաստանի հավաքականը:
- Երբ ես «Այաքսի» խաղացող էի, ինձ կանչեցին Հոլանդիայի մինչև 21 տարեկանների հավաքական: Միաժամանակ ես ստացա Հայաստանի հավաքականում հանդես գալու առաջարկություն: Մենք Ամերիկայում մինչխաղաշրջանային հավաքների էինք և մարզիչ Ֆրանկ դե Բուրը առաջարկեց չշտապել որոշում կայացնելիս: Սակայն ես անկասկած ընտրեցի Հայաստանի հավաքականը, ինչի համար հպարտանում եմ:
- Հայաստանի հավաքականը վատ չանցկացրեց 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլը, ի՞նչ եք մտածում Եվրո-2016-ի մասին:
- Եվրոպայի առաջնության ժամանակ 24 հավաքական են խաղալու 16-ի փոխարեն: Այն մեծացնում է մեր հնարավորությունները: Մենք ուժեղ հավաքական ունենք, այնպես որ կարող ենք Եվրոպայի առաջնությունում մասնակցության հույս ունենալ:
- Պատմեք մի քիչ Ձեր ընտանիքի մասին:
- Իմ ծնողները ծնվել և ապրել են Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ քաղաքում: Այնուհետև տեղափոխվել են Ստամբուլ, որտեղ էլ ես ծնվել եմ:
- Եղե՞լ եք Էջմիածնում:
- Իմ ծնողները եղել են այնտեղ, սակայն դժբախտաբար երբ ես մեկնում եմ Հայաստան հավաքականի խաղերին մասնակցելու համար, միշտ ժամանակը չի բավականացնում և սովորաբար հաջողվում է լինել միայն Երևանում:
- Այս ժամանակահատվածում «Սպարտակից» ու՞մ հետ եք ընկերացել:
- Ես լավ հարաբերություններ ունեմ բոլորի հետ: Իհարկե ավելի հեշտ է շփվել անգլախոս ֆուտբոլիստների` Մակգիդիի և Չելստրյոմի հետ:
- Մովսիսյանը ասում է, որ երբեմն դժվար է հասկանալ Մակգիդիին:
- Այո, քանի որ խոսում է ոչ թե անգլերեն, այլ բրիտաներեն: Երբեմն ինձ հինգ վայրկյան է պահանջվում, որպեսզի հասկանամ ինչ է նա խոսում:
- Ռուսներից ո՞վ լավ անգլերեն գիտի:
- Բոլորից լավ խոսում է Պարշևլյուկը: Լավ գիտի նաև Մաեևը:
- Իսկ Դուք ռուսերեն գիտե՞ք:
- Յուրան ավելի լավ է խոսում, սակայն ես նույնպես վատ չեմ խոսում: Մի քիչ խոսում եմ, սակայն ամեն ինչ հասկանում եմ: