Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Շանթ Հարությունյանը և այլ ակտիվիստներ բռնությունների են ենթարկվել ձերբակալվածների պահման վայրում:
Նա նախ նշեց, թե Շանթ Հարությունյանին չի տեսակցել: Անդրադառնալով Փաշինյանի կասկածներին` ասաց.
«Դեռևս հին հույներն ասում էին՝ ես ամեն ինչի վրա կասկածում եմ: Եթե կասկածումա ի՞նչ եք ուզում, որ ասեմ ինչու՞ է կասկածում: Մարդը կասկածամիտ է և կարող է կասկածել», - նշեց նա:
Նրա խոսքերով՝ կան հատուկ ընթացակարգեր, կա օրենսդրական ընթացակարգ, կա բողոքարկման հնարավորություն:
«Դա, ըստ Փաշինյանի հայտարարության եղել է ձերբակալվածների պահման վայրում: Ես կարող եմ ասել, որ ՔԿՀ ընդունվելիս բոլորն ացնում են բժշկական քննություն և ստանում են քարտ: Այնտեղ նույնիսկ ցանկացած քերծվածք արձանագրվում է», - նշեց նա՝ հավելելով, որ եթե այդպիսի բան կա, պետք է արձանագրված լինի: