Շինջի Կագավայի տեղափոխությունը Օլդ Տրաֆորդ Բունդեսլիգայից, մասնավորապես Դորտմունդի Բորուսիայից 2012 թվականի ամռանը մեծ հույսեր արթանցրեց Մանչեսթեր Յունայթեդում:
Թվաց, թե «Կարմիր դևերը» ձեռք են բերել աշխարհի լավագույն փլեյմեյքերին, ով կարող է հաղթահարել կիսապաշտպանության գծում ունեցած ակումբի խնդիրը, որը փորձում էր լուծել Ալեքս Ֆերգյուսոնը վերջին տարիների ընթացքում:
Այնուամենայնիվ ճապոնացի ֆուտբոլիստի հետ կապված սպասումները այդքան էլ չարդարացան:
Չնայած նա ցույց տվեց իր մեծ ներուժը առաջին մրցաշարում, սակայն այժմ Դավիթ Մոյեսի գլխավորությամբ այդքան էլ տպավորիչ խաղ ցույց չի տալիս և չի կարողանում իրեն ցուցաբերել տարբեր դիրքերում:
Ինչպես գրում է Givemesport-ի վերլուծաբան Ջորջ Ֆլուդը ժամանակը եկել է, որպեսզի Մանչեսթեր Յունայթեդը հրաժարվի Կագավայի ծառայություններից:
Վերլուծաբանը գրում է, որ իհարկե «կարմիր դևերը» չեն կարող Կագավային վաճառել բարձր գնով, սակայն կարող են նրան փոխարինել Բորուսիայի ամենաարժեքավոր ֆուտբոլիստով և ավելացնում է, որ խոսքը չի գնում Մարկո Ռոյսի կամ Իլկայ Գյունդողանի մասին, որոնք վերջին շաբաթների ընթացքում մոտ են Յունայթեդ տեղափոխվելուն, այլ Հենրիխ Մխիթարյանի մասին է ակնարկում:
Հայազգի ֆուտբոլիստ Մխիթարյանը, ում ցանկանում էր ձեռք բերել Լիվերպուլը ամառվա ընթացքում իսկապես տաղանդավոր ֆուտբոլիստ է, ով ցույց է տվել իր արժեքը շատ կարճ ժամանակահատվածում:
Վերլուծաբանը նշում է, որ երկրի լավագույն համարվող 24 ամյա ֆուտբոլիստը ունի խաղադաշտը տեսնելու և փոխանցումներ կատարելու հիանալի կարողություն:
Մխիթարյանը բոլոր անհրաժեշտ որակները ունի Պրեմիեր Լիգայի առաջատար ակումբ տեղափոխվելու համար:
Վերլուծաբանը նաև նշում է, որ Մխիթարյանը Բորուսիա է տեղափոխվել 23.8 մլն եվրոյով այս ամառ և ենթադրում, որ Յունայթեդը այդպիսի գնով չի կարող առաջարկություն անել, սակայն նշում է, որ կարող է վերադարձնել Կագավային և որոշոկի ֆինանսական փոխհատուցում կատարել:
Վերջում վերլուծաբանը եզրափակում է, որ անհրաժեշտ է մոռանալ Կագավային, քանի որ վերջինիս ժամանակ է տրվել, սակայն նա չի կարողացել իրականացնել իր հնարավորությունները և խորհուրդ է տալիս կենտրոնանալ Մխիթարյանի հետ գործարք կնքելու վրա և նշում, որ գործարքի կնքման դեպքում դա կլինի համապատասխան երկարատև տարբերակ Յունայթեդի համար: