ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, այսօր ԱԺ-ում անդրադառնալով այն որոշմանը, ըստ որի Հայաստանը Մինսկում ստանձնել է պարտավորություն չանել Մաքսային միության շահերին հակասող հայտարարություն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետարքրքվեց.
«Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու, թե Հայստանի ո՞ր հայատարրությունն է հակասում ՄՄ շահերին: Ո՞րն է ՄՄ շահը, չէ՞ որ Ռուսաստանը մեկ շահ ունի, Բելոռուսը մեկ շահ, Ղազախստանն էլ մեկ այլ շահ: Բացատրեք մոզ՝ ո՞րն է ՄՄ շահը», - նշեց նա:
Նա նաև անդրադարձավ Ղազախստանի նախագահ Սուլթան Նազարբաևի՝ ԼՂՀ հակամարտության վերաբերյալ հայտարարությանը, ըստ Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիման վրա կայունության և տարածաշրջանային համագործակցության գլխավոր խոչընդոտներից է:
«Հիմա ի՞նչ, այս հայտարարության դեմ եթե Հայաստանը անի որևէ հայտարարություն, նշանակում է, որ ՄՄ շահերին դե՞մ է կատարվում: Բացատրեք մեզ՝ պատգամավորներիս…»:
Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ նախ ասաց, թե ՀՀ իշխանության բոլոր մարմինները ազատ են անել այնպիսի հայտարարություն, որոնք նպատակահարմար են գտնում, որևէ մեկը չի կարող կաշկանդել, անել այնպիսի հայտարարություններ, որոնք գտնում են նպատակահարմար: Ապա Տիգրան Սարգսյանը շեշտեց.
«Այո, դուք ճիշտ եք, ցավոք սրտի, դեռևս ոչ միայն ՄՄ անդամները, այլև ՀԱՊԿ շրջանակներում մենք տեսնում ենք, որ հաճախ միջազգային ասպարեզներում մեր գործընկերները չեն պահպանում այն քաղաքական պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել և հաճախ անում են հայտարարություններ, որոնք չեն բխում մեր ընդհանուր շահերից: Եվ նման իրավիճակ մենք ունենք այսօր»:
Նաիրա Զոհրաբյանն էլ հակադարձեց. «Ես չստացա իմ հարցի պատասխանը: Ես հարցնում եմ՝ մեր ո՞ր հայտարարությունը կարող է հակասել ՄՄ շահերին ու վեջապես հասկանանք էտ շահը որն »:
Տիգրան Սարգսյանն էլ խոստացավ ծանոթանալ այդ հայտարարության հետ, որին հղում է կատարում ԲՀԿ պատգամավորը, ինչից հետո խոստացավ տալ լրացուցիչ պարզաբանումներ: