«Հրապարակը» գրում է. «Արարատի ընտրություններից հետո ցեմենտի գործարանը, որն այս ընտրություններին ԲՀԿ-ի հիմնական հենարանն էր համարվում, իր վրա է բևեռել ստուգողների ուշադրությունը. արդյո՞ք գործարանի շրջակայքում գտնվող հանքերն օգտագործվում են բնապահպանական նորմերի համաձայն, քանի՞ հեկտարի վրա է ամրագրված հանքի պաշարներ «կորզելու» իրավունքը, ի՞նչ գումարներ է գործարանը վճարում քաղաքին՝ որպես հողի հարկ և գույքահարկ, և ընդհանրապես՝ հարկային դաշտո՞ւմ է գործարանի գործունեությունը և այլն։
Ի դեպ, մեր տեղեկություններով, 6 ամիս առաջ ցեմենտի գործարանը Ծառուկյանը կտակել է դստերը՝ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կնոջը, ասել է թե փորձել է այն «հանրապետականացնել», որպեսզի «հարկային» հարցեր առաջանալու դեպքում գործարանը «պաշտպանված» լինի։ Ինչպես տեղեկացրին ԲՀԿ մեր աղբյուրները, ցեմենտի գործարանն այլևս «նայում» է Արգամը՝ իր մարդկանցով հանդերձ։ Այս ամենի առնչությամբ Ծառուկյանի մամլո քարտուղար Իվետա Տոնոյանը տվեց հայտնի պատասխանը. «Առաջ քաշված թեզերն իրականությանը չեն համապատասխանում»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Ցեմենտի գործարանը Ծառուկյանը կտակել է դստե՞րը
