Կանանց օրգանների և կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում բավականին մեծ թիվ է սկսել կազմել: Մահացության առումով չարորակ ուռուցքներն զբաղեցնում են երկրորդ տեղը` սիրտանոթային համակարգի հիվանդություններից հետո: Այս մաիսն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց «Նաիրի» Բ/Կ ուռուցքաբանական գինեկոլոգիայի ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը, ով հավելեց, որ այս հիվանդության պարագայում ավելի շատ հարցերն են, քան պատասխանները:

«Եթե վերցնենք կանանց սեռական համակարգը, ապա չարորակ ուռուցքների ընդհանուր քանակը կազմում է 40-50%-ը, իսկ մահացությունը` մոտ 25-30%: Քաղցկեղն ամենանենգ հիվանդություններից մեկն է, քանի որ հիվանդանալիս մարդը ոչինչ չի զգում, սկզբնական փուլը ոչ մի ձև չի արտահայտվում, այդ պատճառով էլ այս հիվանդությունը բուժելը բավականին դժվար է: Նախաքաղցկեղային փուլում հայտնաբերված հիվանդությունն ավելի հեշտ է բուժել»,- հայտնեց բժիշկը:

Նա նաև տեղեկացրեց, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս բուժելու հիվանդությունն առանց օրգանի հեռացման, և չնայած, ինչպես բժիշկը գնահատեց, հայերն այդ ձևը չեն ընդունում` կարծելով, թե ազդեցություն չի ունենա, այնուամենայնիվ արդյունքը նույնն է, և որ ամենակարևորն է, կինը շարունակում է ապրել բնականոն կյանքով` և ֆիզիկապես, և հոգեպես: Բշժկի խոսքերով` կինը պետք է ամիսը մեկ անգամ շոշափի իր կրծքագեղձը, ինչը դժվար չէ, պարզապես պետք է, ինչպես բնորոշեց բժիշկը, փափուկ բանում կոշտ բան փնտրել:

«Քանի որ սա 100 –ով չբուժվող հիվանդություն է, այդ պատճառով էլ կրկնվելու հավանականությունը մեծ է, և պետք է առավել ուշադիր լինեն այն կանայք, ում մայրը կամ տատիկը նույնպես հիվանդ են եղել, և պետք է ուշադիր լինեն հատկապես 35 տարեկանից հետո: Քաղցկեղ կարող է առաջանալ ծխելուց, բայց ոչ երբեք հարվածից, պարզապես մարդիկ հիվանդությունը հայտնաբերելուց հետո կապում են որևէ բանի հետ»,- հավելեց բժիշկը:

Բժիշկը նաև հայտնեց, որ պետք չէ մեծ գումարներ վատնել արտասահմանում բուժումներ ստանալու համար, քանի որ Հայաստանում նույնպես կան անթերի ախտորոշիչ տեխնիկա և սարքավորումներ: