Արսեն Ջուլֆալակյանը հանդես գալով Գերմանիայի Ալեն քաղաքի համանուն ակումբում, ոչ մի պարտություն չի կրել և դարձել է Գերմանիայի չեմպիոն, իսկ ակումբն էլ մեծ ծրագրեր է կապում նրա հետ: Այս մասին այսօր «Ելակետ» ակումբում կայացած ասուլիսի ընթացքում նշեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ, ըմբշամարտի հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը:
«Ակումբում հանդես գալը օգտակար է մեր ըմբիշների համար: Իհարկե, մենք վերահսկում ենք, որ ակումբային կարիերան չխանգարի իրենց ելույթներին հավաքականում: Մի կողմից էլ դա նրանց ֆինանսական մեծ օգուտ է բերում», - նշեց նա, հավելելով, որ բացի Արսենից, ակումբներում են հանդես գալիս նաև Արամ Ջուլֆալակյանը, Ռոման Ամոյանը:
Ասուլիսի ընթացքում նա նաև անդրադարձավ Ջուլֆալակյան-Վլասով հակամարտությանը նշելով, որ Արսենը շատ լավ է պատրաստված, նա ի վիճակի է հաղթել շատ ավելի ուժեղ մրցակիցների, սակայն նրա մոտ Վլասովին հաղթելու ցանկությունն ու ձգտումն այնքան մեծ է, որ ամեն անգամ մի բան խանգարում է:
«Խոստանում եմ, որ հաջորդ անգամ, երբ Վլասովն ու Արսենը հանդիպեն, նա կհաղթի ռուս ըմբիշին», - հայտարարեց նա: