ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր մինչ լրագրողների հարցերին պատասխանելը, նախ նշեց. «Կարծես թե համ մենք ենք մեղք, համ՝ դուք: Մենք, որ պետք է ելույթներ ունենանք, դուք, որ պետք է դրանից հրաշագործ նյութ ստանանք», - նշեց նա , հավելելով, որ այս պահին ամենակարևորը բյուջեի քննարկումներն են, հետաքրքրություն են ներկայացնում Սարգսյան-Ալիև, Սարգսյան-Պուտին հանդիպումներն ու սպասվող Վիլնյուսյան գագաթնաժողովը:

Նրա խոսքերով, ներքաղաքական իրավիճակն այսօր բավարար է, ակտիվություն է նկատվում, որը գովելի է և այդ ակտիվությունը հատկապես երևում է քառօրյաների ժամանակ:

«Մենք որպես պետություն շատ սպասելիքներ ունենք, այս պարագայում ունենք նաև սոցիալական իրավիճակ, ունենք արտագաղթ, սկսել ենք խորհուրդներ տալ,ամբողջ ազգով դարձել ենք խորհուրդ տվող, հեռուստացույցով խորհուրդ ենք տալիս, տանը խորհուրդ ենք տալիս», - նշեց նա:

ՀՀԿ ղեկավարը նշեց, որ քաղաքական գործիչներ կան, որ ամեն ինչ հանրությանն աննման են ներկայացնում: Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք դա վերաբերում է նաև իշխող կուսակցությանը, Սահակյանը նշեց. «Խոսքը վերաբերում է աննմաններին, քաղաքականության մեջ աննման չեն լինում»:

Լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե ինչու է ընդդիմություն այն վիճակում գտնվում, որ ղեկավարը մի բան է ասում, անդամներն այլ բան են ասում, նա նշեց. «Մարդիկ ուզում են վերևից իշխանություն վերցնեն, ժողովրդի հետ չեն աշխատում, արդյունքները քիչ են լինում և սկսում են մասնատվել», - նշեց նա, հավելելով, որ պետք է ավելի երիտասարդ, խելացի քաղաքական ուժեր գան:

Նրա խոսքերով նրանք պետք է փորձեն պայքարը դրսևորել ոչ միայն լեզվական արտահայռտություններով, այլ իրենց ամբողջ արյամբ, կենսունակությամբ:
«Ընդդիմությունը շահարկման մոտեցումներով է կարողանում իրեն պահել, մասնավորապես ՀԱԿ-ը էդպես, Ժառանգությունը էդպես», - նշեց նա: