«ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է «Արմենիկում»-ի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանը։ Մենք խնդրել էինք հաստատել կամ հերքել այն տեղեկությունը, ըստ որի, աշխարհում արգելված է ՁԻԱՀ-ի դեմ ստեղծված հայկական «Արմենիկում» դեղամիջոցի կիրառությունը։ Ավելի վաղ «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի Արևելյան տարածաշրջանի երկրներում խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման արդյունավետ ռազմավարության լայնամաշտաբ ներդնում» ազգային ծրագրի ղեկավար Աշոտ Գևորգյանը մեր զրույցում ասել էր, որ իր տեղեկություններով, «Արմենիկում»-ն արգելված է, և դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մահացել է այդ դեղամիջոցով բուժում ստացող առաջին հիվանդը՝ Կոլյա Կոլեսնիկովը։
Նախարարությունից հայտնում են, որ վերոնշյալ ծրագիրը ազգային չէ, այն ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն իրականացվում է մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից։ «Գևորգյանի կողմից արված այն հայտարարությունը, թե իր տեղեկություններով «Արմենիկում»-ն արգելված է աշխարհում, չի համապատասխանում իրականությանը։ «Արմենիկում»-ը գրանցված է Հայաստանում 1999թ-ից։ Անցկացվել են անհրաժեշտ նախակլինիկական և կլինիկական փորձարկումներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ այլ երկրներում, այդ թվում Ռուսաստանում (Սանկտ-Պետերբուրգի Բոտկինի անվան կլինիկայում)։ Մինչև օրս դեղամիջոցը կիրառվում է բազմաթիվ վարակիչ հիվանդություններով, իմունային համակարգի ախտահարումներով, ինչպես նաև ՄԻԱՎ վարակով տառապող հիվանդների մոտ։ «Արմենիկում»-ի անվտանգությունն ու արդյունավետությունն ապացուցված է։ Դեղամիջոցը գրանցված է նաև ՌԴ-ում, Ուկրաինայում, Կոնգոյում, Լիբերիայում։ Այժմ աշխատանքներ են տարվում դեղամիջոցը Վրաստանում և Ղրղզստանում գրանցելու համար։
Միաժամանակ հավաստիացնում ենք, որ դեղամիջոցի կիրառման ողջ ընթացքում չի գրանցվել մահվան ելքով և ոչ մի դեպք։ Իսկ Կոլեսնիկովի դեպքի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նրա մահը ոչ մի կապ չունի ՄԻԱՎ վարակի և «Արմենիկում» դեղամիջոցով անցկացված բուժման հետ»,-ասված է պատասխան գրության մեջ»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։