Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն,Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող ազգությամբ հայ Արթուր Աբրահամն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մենամարտի համար շատ է ցավում:
«Բայց դե սպորտ է, ամեն ինչ էլ պատահում է: Սխալները թող ինքն իր մարզիչի հետ որոշի: Ամեն սպորտում էլ հաղթանակներ ու պարտություններ լինում են»,- ասաց Արթուր Աբրահամը` հավելելով, որ մրցակցի այտոսկրի վնասվածքը չի կարող խաղի արդյունքների վերանայում լինել, ցավը կրելով էլ` խաղը պետք է շարունակվի:
«Իմ ծնոտը 2006 թվականին 2 տեղից կոտրվել էր, բայց ես տենց 8 ռաունդ մենամարտեցի ու հաղթեցի, այդ ժամանակ ոչ մեկին չի հետաքրքրում, մենամարտից հետո ինձ վիրահատեցին»,- ավելացրեց Արթուր Աբրահամը:
Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը, ով նոյեմբերի 10-ի առավոտյան ռևանշ-մենամարտ էր անցկացնում ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ, նոկաուտի է ենթարկվել մենամարտի 9-րդ ռաունդում:
Նա նաև հայտնեց լրագրողներին, որ որոշել է մինչև 35 տարեկան մենամարտել, իսկ հետո արդեն հերիք կլինի:
«11-12 տարեկանից զբաղվում եմ լուրջ սպորտով, դրանից առաջ իհարկե նաև այլ մարզումներ են եղել: Իսկ դրանից հետո կլինեմ Գերմանիայում և Հայաստանում»,- ասաց բռնցքամարտիկը: Նա նաև իր խոսքում բարձր գնահատեց Հայաստանի բռնցքամարտի որակը:
Նրա խոսքերով` իր հարվածի ուժն ավելի է բարելավվել և ինքը փոխել է մարտի տակտիկան: