Սարգսյան-Ալիև հանդիպումը դրական առումով հնարավորություն տվեց բացառել լայնածավալ պատերազմը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով երկու երկրների նախագահների հանդիպմանը, նման տեսակետ արտահայտեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է լուծարել Մինսկի խումբը, սակայն այս ամենը ցույց տվեց, որ նրա ջանքերը օգուտ չեն ունենա», - նշեց նա:
Անդրադառնալով ԶԼՄ-ով տարածված «Ադրբեջանը ուզում է վերականգնել տարածքային ամբողջականությունը» կամ «Ադրբեջանը ուզում է վերադարձնել Արցախը» արտահայտություններին նա նշեց, որ նման որակումները սխալ են, քանի որ Արցախը երբեք էլ Ադրբեջանինը չի եղել:
Լարիսա Ալավերդյանի խոսքերով, Մինսկի խմբի համանախագահների վրա պարտավորություն է դրված, որպեսզի թույլ չտան լայնածավալ պատերազմի վերսկսումը:
«Սակայն որևէ նորություն այս խումբը չի կարող մտցնել մադրիդյան պիղծ սկզբունքների մեջ», - նշեց նա:
Անդրադառնալով տարածված այն տեղեկությանը, թե երկու նախագահների հանդիպում եղավ, սակայն ձեռքսեղմում այդպես էլ ոչ, բանախոսը նշեց, որ սա Մինսկի խմբի համանախագահների ջանքերով կազմակերպված հանդիպում է:
«Մեր երկրները լայն առումով չեն կարող իրար ձեռք սեղմել», - եզրափակեց բանախոսը: