ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ կենսաթոշակային բարեփոխումները միշտ էլ ցավոտ խնդիր են եղել: Նրա գնահատմամբ` Հայաստանի մշակած մոդելն աշխարհում նախադեպը չունեցող մոդել է, և հենց այդպես էլ փաթեթում գրված` Հայաստանյան մոդել:
«Պարտադիր կուտակայինի հիմնական քննադատները առաջ են քաշում հետևյալ ռիսկերը` առաջինը ֆինանսական շուկայի ռիսկն է, երկրորդը նա է, որ ցածր վարձատրության համակարգը բերում է նրան, որ աշխատանքի արտադրողականության նկատմամբ քաղաքացիներն ակտիվ չեն գործում: Նրանք սկսում են հետ քաշվել, դուրս գալ աշխատանքից կամ Հայաստանի դեպքում` դուրս գալ երկրից: Երրորդ` դեմոգրաֆիական ռիսկը գալիս է հետևյալից` համակարգի մեջ կան բացթողումներ, որոնք թույլ չեն տալիս իրականացնել ծնելիության խրախուսման քաղաքականություն: Օրինակ, եթե կինը երեխա է ունեցել, և գնում է երեխայի խնամքի արձակուրդի, ապա նրա դիմաց որևէ կուտակային վճար չի կատարվում: Ստացվում է` նա պետք է ընտրի` երեխա ունենալ ու զրկվել աշխատանքից, թե հակառակը: Իսկ մեր իրականությունում` կընտրեն երկրորդը»,- այսպես բացատրեց իրավիճակը պատգամավորը:
Մինասյանի դիտարկմամբ` եթե որևէ քայլ արվել է հակասահմանադրական, դա չի նշանակում, որ հիմք ընդունելով`անընդհատ պետք է հակասահմանադրական վարքագիծ դրսևորել:
«ԱՊՊԱ-ն ի վերջո ընտրության հնարավորություն է: Դուք կարող եք մեքենա չվարել, դուք կարող եք մեքենան վարել այնպիսի տեղերում, որտեղ հանրային չէ, կարող եք նաև վարել, բայց վթարի չենթարկվել, բայց դուք չեք կարող ապրել ու չծերանալ: Դրա համար կա ծերության դեպքում եկամուտի ռիսկ, պետությունը փոխհատուցում է ծերերին»,- նշեց Մինասյանը:
Նա նաև զարմանք հայտնեց, որ հիմա Կառավարությունն առաջնորդվում է ոչ միայն բավարար գիտելիքներ չունենալու մոտեցումով, այլև սկսել է սուտ խոսել, կեղծել իրականությունը: