Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը տեղաբաշխված է տարբեր կետերում, որոնք կոչվում են ռազմական ավաններ: Ռուսաստանյան ռազմակայանի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուղղությամբ ռազմակայանի խնդիրների փոփոխությամբ պայմանավորված, մի քանի անգամ փոխվել են նաև ռազմակայանի տեղակայման կետերը:

Մասնավորապես, առաջիկայում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման և նոր սպառազինությամբ համալրման նպատակով պլանավորվում է ռուսական կողմին ժամանակավոր օգտագործման համար տրամադրել ՀՀ ԶՈՒ-ի կողմից չօգտագործվող մի շարք տարբեր նշանակության տարածքներ (ուղղաթիռային սավառնակախմբի (էսկադրիլիայի) կանգառ, վարչատնտեսական և վառելիքաքսուքային նշանակության շինությունների համար նախատեսված տարածքներ): ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 21-ի նիստում ստորագրման հավանություն է տվել հենց այդ նպատակով պատրաստված համաձայնագրի նախագծին:

Պարզաբանման համար պետք է նշեմ նաև, որ «Էրեբունի» օդանավակայանի տարածքում բացի «ժամանակավոր օգտագործման նպատակով փոխանցվող» տարածքներից կան նաև «համատեղ օգտագործման» կարգավիճակ ունեցող տարածքներ (օրինակ` թռիչքուղին), որոնք իրավաբանորեն կարգավորում են հայկական և ռուսական կողմերի համար այդ տարածքների համաժամանակյա օգտագործման պայմանները:

 

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան