ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր առաջարկեց, հաշվի առնելով քաղաքացիական ակտիվությունը, երիտասարդների պահանջները, գոնե մեկ տարով հետաձգել Կուտակային կենսաթոշակների համակարգը ուժի մեջ մտցնելը, դրա փոխարեն իրականացնել հանրային քննարկումներ, վերացնել բոլոր հնարավոր ռիսկերը, ապա քայլ կատարել, ոչ թե հերթական անգամ անորոշության մեջ որոշում կայացնել:
«Դուք տեսաք քաղաքական մեծամասնության պահվածքը, որ պարզապես այդ քննարկումներից փախուստ կատարեց, և հիմնավորում էլ բերում է, ասում է, եթե մենք իմանայինք, որ բովանդակային չի քննարկումը, կմասնակցեինք: Պարոն Գալուստ Սահակյանն էր այդ հանճարեղ մտքի հեղինակը: Ի դեպ, դրա հետ կապված, միանգամից անեկդոտ ծնվեց: Վերջին ասուլիսից հետո դևը հանդիպում է Գալուստ Գրիգորիչին, ասում է` Գուլուստ Գրիգորիչ ջան, եթե մի անգամ էլ ասուլիս տվեցիր, ես ինքս ինձ կսպանեմ»,- կատակեց Մինասյանը:
Լրագրողի այն հարցին, թե բոյկոտից հետո ինչ նոր արտահերթ նիստի պետք է սպասել, Մինասյանը պատասխանեց, որ 4 խմբակցությունները հայտարարությունը տարածել են, և տանում են համատեղ աշխատանքներ, սակայն ինքն սպասում է, ոչ թե քաղաքական մեծամասնության բարեհաճ վերաբերմունքին, այլ իրենց կողմից պարտադրանքի առաջ դնելուն:
«Մենք հիմա մյուս խմբակցությունների հետ քննարկումների մեջ ենք, որպեսզի անխոցելի հիմքեր ստեղծվեն: Կարող եմ ասել, թե երբ կլինի մոտավորպես, բայց հնարավոր է խափանման հիմք դառնալ այս հարցը, քանի որ իշխանությունը կարող է գնալ ճնշումների: Որոշման մասին ոչինչ չեմ ասի, որովհետև սցենարները տարբեր են»,- իր խոսքում նշեց Մինասյանը:
Պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ իրականության մեջ Կուտակայինի վերաբերյալ փաթեթին կողմ քվեարկողների 80 տոկոսն անգամ դրան չի էլ ծանոթացել, և ոչ էլ Կառավարության 90 տոկոսն է ծանոթ:
«Ավելին` նրանք, ովքեր փորձում են կարծիք հայտնել, օրինակ երեկ Կառավարության շենքի դիմաց ցույցի մասնակիցների պահանջները ինչ որ պաշտոնատար անձինք անհեթեթ են համարում: Ինձ թվում է` իրենք, չկարդալով օրենքի պահանջները, լսելով հեռուստատեսությամբ ինչ որ տեղեկատվություն պաշտոնատար անձանցից, իրենց համար դարձրել են Աստվածաշնչյան իրականություն և իրենց թվում է, թե դա է ճշմարտությունը: Եթե մեկ անգամ համակարգն ամբողջությամբ կարդան, իրենք էլ դեմ կքվեարկեն»,- գնահատեց Մինասյանը` հավելելով, որ համակարգը պաշտպանողներն էլ լրատվությունից դուրս դեմ են խոսում համակարգին, բայց քանի որ պետք է պաշտպանեն քաղաքական մեծամասնության տեսակետը, չեն կարողանում բարձրաձայնել:
«Բայց գիտեք` ոնց է մեր խորհրդարանի աշխատանքը, կարևոր չէ, որ դու ճիշտ ես, որ քո խոսքը 100 տոկոս ճշմարտություն է, կարևորն այն է, որ անհրաժեշտ 66 կոճակները քո ձեռքում չէն: Այս մոտեցումն է կիրառվում: Կառավարությունն իրականացնում է վատագույն սցենարի քաղաքականությունը, անելու է այնպես, որ մի օր բոլորն արտագաղթելու են»,- շարունակելով խոսքը` նշեց Մինասյանը: