Ոչ միշտ են հյուրանոցներն ընտրում ըստ աստղերի: Ավելի ճիշտ ոչ այն աստղերով, որ վերագրում են դրանց զբոսաշրջային ընկերությունները: Երբեմն բավական է միայն այն փաստը, որ Ձեր սիրելի դերասանը կամ երգիչն ապրել են հենց այդ հյուրանոցում:

Սեքսը մեծ քաղաքում 2 / Amanjena, Մարակեշ

Այս ֆիլմի հերոսուհիներին հիացրած հյուրանոցն իրականում գոյություն ունի: Դա Amanjena-ն է: Այցելուների տրամադրության տակ են առանձնատներ` մարմարե լոգասենյակներով, և բազմաթիվ այլ հաճելի ծառայություններ: Հյուրանոցում մեկ գիշերվա պետք է վճարել 1053 դոլար:

«Օպերացիա «Արգո»/Beverly Hilton, Լոս-Անջելես

Beverly Hilton-ը հայտնի է նրանով, որ այստեղ նկարահանել են «Օպերացիա «Արգո» ֆիլմը: Չնայած, որ հյուրանոցը գտնվում է կինոարդյունաբերության կենտրոնում, այն ուրիշ ոչնչով չի առանձնանում: Հյուրանոցում մեկ գիշերվա արժեքը 246 դոլար է:

 

Տղաների խնջույքը Վեգասում/Caesars Palace, Լաս-Վեգաս

Հյուրանոցն իր ծառայությունների մատուցման որակով իրական դրախտի է նման: Մի քանի հսկայական մասնաճյուղերը օրական հազարավոր զբոսաշրջիկներ են ընդունում: Այստեղ կարելի է վայելել Սելին Դիոնի ելույթները: Հյուրանոցում մեկ գիշերվա արժեքը 214 դոլար է:

 

Սատանան Prada է կրում/Ritz, Փարիզ

Իհարկե, Միրանդա Պրիստլին չէր կարող ուրիշ հյուրանոցում կանգ առնել: Միայն Ritz: Այս հյուրանոցի այցելուների ցանկում ներառված են 20-րդ դարի ամենանշանավոր մարդիկ: Օրինակ Կոկո Շանելը, ավելի քան 30 տարի ապրել է Ritz-ում: Ներկայումս հյուրանոցը փակ է վերականգնողական աշխատանքների պատճառով:

 

Ջեյմս Բոնդ: Կազինո Ռոյալ/Grandhotel Pupp, Կարլովի Վարի

Grandhotel Pupp հյուրանոցը ֆիլմում հանդես է գալիս որպես Splendide հյուրանոց Չեռնոգորիայում: Grandhotel Pupp-ի պատմությունը սկսվել է 1701թ.-ին և, եթե անգամ չեք պատրաստվում մնալ այս հյուրանոցում, ապա գոնե մեկ բաժակ սուրճ անպայման ըմպեք այստեղ: Հյուրանոցում մեկ գիշերվա արժեքը 245 դոլար է:

 

Թարգմանության բարդություններ/Park Hyatt, Տոկիո

Park Hyatt տպավորվել է հանդիսատեսի մոտ «Թարգմանության բարդություններ» ֆիլմից: Ֆիլմի ռեժիսորին հիացրել է պատուհանից բացվող տեսարանը, և նա ֆիլմում դա օգատգործել է որպես շատ կարևոր մասնիկ: Հյուրանոցում մեկ գիշերվա արժեքը 488 դոլար է:

 

Տանը միայնակ 2/The Plaza Hotel, Նյու-Յորք

Հենց The Plaza Hotel հյուրանոցում էր ապրում Մակոլեյ Կալկինի մարմնավորած հերոսը: Հավանաբար, սա Նյու-Յորքի ամենաշքեղ և ֆիլմերում ամենից հաճախ հայտնող հյուրանոցն է: Plaza-ի մոտակայքում գտնվում է Tiffany & Co-ի խանութը: Հյուրանոցում մեկ գիշերվա արժեքը 849 դոլար է: