Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ նախագահի ընտանեկան կյանքը գաղտնիք է և ոչ ոք ու ոչ մի տեղ այդ մասին չի պատմի:
Համաշխարհային պրակտիկայում բացի Սաուդյան Արաբիան դա շատ արտասովոր է:
Ձեզ ենք ներկայացնում համաշխարհային քաղաքական դեմքերի անձնական կյանքը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա
Բարաք Օբաման առաջին անգամ Միշել Ռոբինսոնին հանդիպել է 1989 թվականի հունիսին, երբ նրանք միասին աշխատում էին Չիկագոյի Sidley Austin փաստաբանական գրասենյակում: Ամառվա վերջին նրանք սկսեցին հանդիպել, իսկ 1991 թվականին նշանվեցին և 1992 թվականին ամուսնացան:
Նրանց առաջին աղջիկը Մալիան ծնվել է 1998 թվականին, իսկ երկրորդը` Նատաշան, 2001 թվականին:
Չիկագոյում ապրելու տարիներին նախագահի աղջիկները հաճախել են Չիկագոյի համալսարանին կից մասնավոր դպրոց: ԱՄՆ Կոնգրեսում Օբամայի ընտրվելուց և Վաշինգթոն տեղափոխվելուց հետո Միշելը և Նատաշան սկսել են գնալ Sidwell Friends դպրոց:
Ինչքանով որ հայտնի է դպրոցը չի բողոքում նախագահական թիկնապահների մշտական առկայությամբ, ինչը չես կարող ասել Չիկագոյի Քենվուդ շրջանի բնակիչների մասին, որտեղ գտնվում է նախագահական զույգի տունը: Յուրաքանչյուր անգամ, երբ Օբամաները այնտեղ են գնում, ամբողջ փողոցը հայտնվում է անվտանգության ծառայությունների ուշադրության ներքո, ինչը խանգարում է առօրյա կյանքին:
Օբաման խորթ քույր ունի Մայա Սաետորո Էնգ, ով ծնվել է Օբամայի մոր երկրորդ ինդոնեզացի ամուսնուց: Օբաման նաև վեց խորթ եղբայր ունի քենիացի հորից:
Նախագահը հաճախ է երևում հանրությունում կնոջ և աղջիկների հետ և մեծ սիրով պատասխանում է լրագրողների` իրենց ընտանեկան կյանքի մասին հարցերին:
Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոն
Դևիդ Քեմերոնը իր ապագա կնոջ Սամանտա Գվենդոլին Շեֆիլդի հետ ծանոթացել է իր քրոջ` Քլերի շնորհիվ, ով սովորել է Շեֆիլդի հետ: Քոլեջը ավարտելուց հետո Քլերը հրավիրել է Սամանտային Քամերոնի հետ հանգիստը անցկացնել Իտալիայի Տոսկանա քաղաքում: Հենց այնտեղ էլ սկսվել է սիրավեպը Բրիտանիայի վարչապետի և նրա կնոջ միջև: Նրանք ամուսնացել են 1996 թվականին Քեմբրիջում: Հինգ տարի անց Քեմերոնը ընտրվել է խորհրդարանում:
Զույգի մոտ ծնվել է չորս երեխա: Նրանց առաջնեկը Այվան Ռեջինալդ Իենի մոտ բժիշկները հայտնբերել էին ուղեղային կաթված, ինչպես նաև ծանր էպիլեպսիա: Նա բժիշկների մշտական հսկողության կարիքն ուներ: 2009 թվականին Այվանը մահացել է վեց տարեկան հասակում:
Քամերոնի այնուհետև ունեցավ երկու աղջիկ և մեկ տղա: Բրիտանիայի վարչապետի երեխաները գնում են պետական դպրոց:
2010 թվականին վարչապետի հայրը 77 ամյա Յան Քեմերոնը կաթված ստացավ: Կառավարության ղեկավարը հետաձգեց այդ օրը նշանակված խորհրդարանական նիստը և անմիջապես թռավ Ֆրանսիա, որտեղ գտնվում էր հայրը: Ինչպես այնուհետև նշեցին բրիտանացի ղեկավարի գրասենյակից Իան Քեմերոնը որդու ժամանելուց անմիջապես հետո մահացել է:
Վարչապետի հայրը թաղվեց ավելի քան մեկ շաբաթ առաջ և Դևիդ Քեմերոնը ստիպված էր բաց թողնել Հռոմի Պապի ելույթը Լոնդոնում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահու
Բենիամին Նաթանյահուի անձնական կյանքը եղել է բուռն և հրապարակային:
Նաթանյահուի առաջին կինը եղել է Մարիամ Վեյցմանը, ում հետ նա ծանոթացել է Իսրայելում զինվորական ծառայության ժամանակ: Բանակային ծառայությունը ավարտելուց հետո նրանք միասին մեկնել են ԱՄՆ սովորելու, որտեղ էլ ամուսնացել են: 1978 թվականին, երբ Մարիամը սպասում էր երկրորդ երեխային, նրա ամուսինը համալսարանական գրադարանում հանդիպում է բրիտանուհի Ֆլեր Կեյթսի հետ և նրանց մոտ սկսվում է սիրավեպ: Մարիամը շուտով այդ մասին իմանում է և բաժանվում ամուսնուց:
1981 թվականին Նաթանյահուն ամուսնանում է Ֆլեր Կեյթսի հետ, սակայն այս ամուսնությունը ևս երկարատև չի լինում և տևում է ընդամենը երեք տարի:
1991 թվականին Նաթանյահուն ամուսնանում է երորդ անգամ ինքնաթիռի ուղեկցորդուհի Սարա Բեն Արցիի հետ, ում հետ նա ծանոթացել է Նյու Յորք- Թել Ավիվ չվերթի ժամանակ: Նրանք ունեն երկու որդի Յաիր և Ավներ:
1993 թվականին հեռուստահարցազրույցի ժամանակ Բենյամին Նաթանյահուն հրապարակայնորեն խոստովանել է, որ նա սիրավեպ է ունեցել Ռուտ Բարի հետ: Չնայած դրան Սարան Նաթանյահուն ներել է նրան:
Սարա Նաթանյահուի նախկին ծառան մի քանի անգամ նրա նկատմամբ հարուցել է դատական հայցեր` նրան մեղադրելով դաժանության և աշխատավարձի ուշացումների մեջ:
Գերմանիայի կանսլեր Անգելա Մերկել
Գերմանիայի կանսլեր Անգելա Մերկելը իր անձնական կյանքը չի թաքցնում, սակայն դրան զուգահեռ նաև չի հրապարակայնացնում:
Մերկել ազգանունը նա ստացել է իր առաջին ամուսնուց Ուլրիխ Մերկելից:
Նրանք ամուսնացած են եղել 1977-1982 թվականներին: Իր երկրորդ ամուսնու Յոահիմ Զաուերի հետ նա ծանոթացել է 1981 թվականին, սակայն նրանք ամուսնացել են միայն 1998 թվականին:
Անգելա Մերկելը երեխա չունի, սակայն Յոահիմ Զաուերը երկու մեծ որդի ունի նախկին կնոջից: Զաուերը քվանտային քիմիկոս է մասնագիտությամբ, չի սիրում մամուլի ուշադրություն, սակայն առանաձնապես չի թաքնվում դրանից:
Հայտնի է, որ Անգելա Մերկելը այնքան էլ չի սիրում շների, սակայն համակված է ֆուտբոլով և երբեմն անգամ լսում է Բունդեսլիգայի հանդիպումների հաղորդումները:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ
Ֆրանսուա Օլլանդը 30 տարուց ավել քաղաքացիական ամուսնությամբ ապրել է Սեգոլեն Ռուայալի հետ, ով ամուսնու նման հայտնի քաղաքական գործիչ է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունում: Նրանք չորս երեխա ունեն:
2007 թվականին մեկ ամիս անց այն բանից, որ Սեգոլեն Ռուայալը պարտություն կրեց Նիկոլա Սարկոզիից նախագահական ընտրություններում, նա և Օլանդը հայտարարեցին բաժանման մասին:
Մի քանի ամիս անց Ֆրանսիայի լրատվական կայքերից մեկում հայտնվեց հաղորդագրություն, որ Ֆրանսուա Օլլանդը նոր ընկերուհի է ձեռք բերել, լրագրողուհի Վալերի Տրիերվայլերը: Սկզբում այն մեծ քննադատություններ առաջ բերեց, քանի որ այնտեղ ընդունված չէ քննարկել քաղաքական գործիչների անձնական կյանքը: Սակայն շուտով անձամբ Վալերի Տրիերվեյլերը հաստատեց այդ լուրերը:
2008 թվականին Ֆրանսուա Օլլանդը և Սեգոլեն Ռուայալը երկուսն էլ դրեցին իրենց թեկնածությունը սոցիալական կուսակցության ղեկավարի պաշտոնում, սակայն Օլլանդը հաղթանակ տարավ:
Չինաստանի գլխավոր քարտուղար Սի Ցզինպին
Սի Ցզինպինը Չինաստանի քիչ առաջնորդներից մեկն է, ով չի թաքցնում իր անձնական կյանքի մանրամասները:
80-ականների սկզբին նա ամուսնացած է եղել Կե Լինլինի` Բրիտանիայում Չինաստանի դեսպանի աղջկա հետ: Ամուսնությունը շուտով ձախողվել է:
1987 թվականին նա ամուսնացել է հայտնի երգչուհի Պեն Լիյուանի հետ, ով մինչև Սին Ցզինպինի երկրում իշխանության գագաթնակետ հասնելը, ավելի հայտնի էր քանի իր ամուսինը:
Նրանց դուստրը Սի Մինցզեն սովորում է Հարվարդի համալսարանում ուրիշ անվան տակ:
Սի Ցզինպինի ընտանիքի անդամների լուսանկարները և հարցազրույցները հրապարակվում են պետական Սինխուա գործակալությունը:
Պեն Լիյուանի խոսքերով իր ամուսինը վարում է հասարակ կյանք: Washington Post-ին տված հարցազրույցի ժամանակ նա ասել է.«Երբ նա գալիս է տուն, ես չեմ զգում, որ տանը ինչ-որ առաջնորդ է գտնվում: Նա ինձ համար ուղղակի իմ ամուսինն է»: