Աշխարհն այս պահին դեգերումների մեջ է, քաշքշուք, տուրուդմբոց և այլն, և այլն, ոմանք ուզում են ինչ որ ձևով պահպանել այն, ինչ կա աշխարհում, որը մեռնող է: Աշխարհում իշխող համակարգը` արևմտյան քաղաքակրթությունը, որը երկար տարիներ տիրել և իշխել է, որով մարդկությունը 100-ամյակներով զարգացել և կրթվել է, վերանում է:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի գնահատական տվեց հասարակական-քաղաքական գործիչ, Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը` ավելացնելով նաև, որ նոր համակարգ չկա:

«Եթե նախկինում հայ մարդն ամեն ինչ բերում էր, որպեսզի երկիր սարքեր և օգներ մյուսներին, այսօր անում է ճիշտ հակառակը. քանդում է, տանում տուն, որպեսզի մեր երջանկությունը կառուցենք, արդյունքում բոլորս դժբախտ ենք: 88-ին մեր ունեցածը կարո՞ղ ենք գիտակցել և վերականգնել, դա է հարցը»,- իր խոսքում նշեց Մանուչարյանը:

Անդրադառնալով նախագահ Սարգսյանի այցին Վիլնյուս, թե ինչ ձեռքբերումներ կամ կորուստներ կլինեն դրանից, Մանուչարյանն ընդգծեց, որ այսօրվա աշխարհաքաղաքական քաշքշուքների մեջ շատ կարևոր անջրպետ է Ռուսաստան-Արևմուտք` ավելի ճշգրիտ անգլոսաքսեր անջրպետը, քանի որ Եվրոպան ձգտում էր այլ հարաբերությունների Ռուսաստանի հետ: Սակայն, ըստ Մանուչարյանի, այդ անջպետն ավելի է խորացել, իսկ Հայաստանն էլ դրա մեջտեղում է կանգնած, որպեսզի ընտրի` սա է, թե նա:

«Արդյունքում Հայաստանն իր ընտրությունը կատարել է, բայց Արևմուտքի համար կարևոր է, որ հետագա հնարավորությունները մնան` հետ պտտելու այս ամբողջը, թե արհեստական մի ընտրությունը կատարված է, հիմա էլ փորձելու են կատարել մյուս արհեստական ընտրությունը և փաթաթել մեզ վրա: Մեզ համար կարևոր է համադրման երկիր մնալը, մենք չենք կարող բարեկամություն անել մի համակարգիր հետ, թշնամություններ ունենալ մյուսի հետ: Հայ մարդը հաստատ չի կարող լինել անկախ չեզոք, մենք ավելի շուտ բոլորի հետ ենք»,- ասաց Մանուչարյանը:

Վերջինիս դիտարկմամբ, այն որ Ռուսաստանը բավականին ինտենսիվ կերպով զենք-զինամթերք է մատակարարում Ադրբեջանին խոսում է այն մասին, որ ցանկանում է վերականգնել իր աշխարհաքաղաքական դիրքերը առնվազն ետխորհրդային տարածքում, այդ պատճառով էլ պետք է ունենա որոշակի լավ հարաբերություններ բոլոր տարածքների հետ էլ: Մանուչարյանը համոզված է, որ Հայաստանի ռազմական դերն ու նշանակությունն էապես ավելի բարձր են: Իսկ արտագաղթն, ըստ նրա, քիչ գործոն է դրա վրա ազդելու համար, չնայած այն իսկական աղետ է Հայաստանի համար:

Անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինի այցին Հայաստան և այն հարցին, որ Գյումրին կարող է վերանվանվել Ալեքսանդրապոլ` Մանուչարյանը պատասխանեց, որ նման էկզոտիկ բաներ մեզ չեն սպառնում:

«Առանց այդ էլ ոչ մի կերպ չվերականգնեցինք պատմական անվանումը` Կումայրի, դա արդեն գյումրեցիների հարցն է, բայց Ալեքսանդրապոլը հաստատ մեզ չի սպառնում, ինչպես նաև Լենինականը: Ինչ վերաբերում է Պուտինի այցին, նրա համար էլ բարդ իրավիճակում է անցնում, քանի որ շատ լավ գիտի հայերի վերաբերմունքը գործող իշխանությանը: Նա պետքէ կարողանա մաքսիմալ ցույց տա, որ եկել է հանդիպելու ոչ թե իշխանության, այլ ժողովրդի հետ»,- իր դիտարկումը հայտնեց Մանուչարյանը: